Ուկրաինայում տասնյակ վտանգավոր բանտարկյալներ են փախել խիստ վերահսկողության բանտից, երբ այն վնասվել է Դոնեցկում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով:
Իշխանությունների տեղեկություններով՝ կառավարական ուժերի և անջատողականների միջև տեղի ունեցած բախումներից վնասված բանտում մեկ բանտարկյալ է զոհվել, իսկ 106-ը փախել են:
Քաղաքային խորհրդի խոսնակ Մաքսիմ Ռովենսկին այսօր հայտնել է, որ հրթիռի հարվածից հետո բանտում խառնաշփոթ է սկսվել, որի ընթացքում երեք կալանավորներ վնասվածքներ են ստացել:
Բանտում պահվում են սպանությունների, գողության և բռնաբարության համար մեղադրված բանտարկյալներ:
Ուկրաինայի կառավարական ուժերը անցած շաբաթվա ընթացքում ուժեղացրել են Դոնեցկի վրա հարձակումները և շրջապատել այն:
Ռովենսկին նշել է, որ գիշերվա ընթացքում տեղի ունեցած ռմբակոծության ընթացքում 10 տուն, խանութներ և ավտոտնակներ են վնասվել: Նա ավելացրել է, որ այժմ առանց էլեկտրականության 20,000 մարդ է բնակվում այնտեղ:
Tags: Դոնեցկ, Ուկրաինա, փախուստ բանտից