Հետընտրական Թուրքիայում կրքերը չեն հանդարտվել

turkiaԵրեկ Թուրքիայի 81 մարզերի 923 շրջաններում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Թայիփ Էրդողանը, հավաքելով ձայների 51,8 տոկոսը, Թուրքիայի նախագահ է ընտրվել: Ամենից շատ ձայներ Էրդողանը հավաքել է հայրենի Ռիզեում, որտեղ նրան աջակցել է ընտրողների 81 տոկոսը, իսկ Թունջելիում նրան ամենաքիչ ձայներն են տվել` 24 տոկոս: Մյուս թեկնածուները` ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է 38,44 տոկոս ձայն, իսկ ԺԴԿ-ի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը` 9,76 տոկոս:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 74 տոկոսը, ինչից դժգոհ է մնացել ընդդիմությունը:

Արդյունքների հրապարակումից հետո Էրդողանն իր կուսակցության ղեկավար կազմի հետ միասին շտապել է մայրաքաղաք Անկարա, որտեղ հավաքված հազարավոր քաղաքացիների հետ միասին տոնել է իր հաղթանակը: Էրդողանը, որպես Թուրքիայի նոր նախագահ, իր առաջին ելույթը սկսել է ժողովրդին ուղղված շնորհակալական խոսքով` երախտագիտություն հայտնելով իրեն այդ պաշտոնին արժանի գտնելու համար:

Իսկ այսօր հետընտրական Թուրքիայում օրը սկսվել է նոր վարչապետի, ԱԶԿ կուսակցության նոր նախագահի և նոր կառավարության ձևավորման թեմայի շուրջ քննարկումներով: Նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն Ահմեդ Դավութօղլուն է: Այս հարցը պարզ կդառնա օգոստոսի 27-ին, երբ ԱԶԿ կուսակցական կոնգրեսի ժամանակ կհայտարարվի նոր վարչապետի և կուսակցության ղեկավարի անունը: Իսկ Աբդուլահ Գյուլն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերադառնալու է հարազատ կուսակցություն:

 

Տաթևիկ Սարգսյան, Անկարա

Անկախ

 

Tags: ,