Խորհրդարանը սկսեց քառօրյա նիստերի հերթական աշխատանքը: Քվեարկության դրվեց “Ժառանգությու” խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
Մինչ քվեարկությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ մեկ տարի շարունակ հարցը քննարկվել է, ինչի վերաբերյալ հանրապետականն իր կարծիքը հայտնել է. “Կարծում ենք, որ ընտրություններից հետո անհրաժեշտություն կառաջանա բոլոր առաջարկությունները քննարկել ընտրական օրենգրքի հետ կապված, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու”:
Որոշումը չընդունվեց՝ ձայների 41 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ի դեպ, մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և հորդորեց ԱԺ նախագահին ուշադիր լինել, որպեսզի քննարկվող հարցերի ժամանակ շեղումներ չլինեն: Նմանօրինակ շեղում նա համարում է երեկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած քննադատական որոշ ելույթներ. “Ինչ որ պատահական մարդիկ կարող են վիրավորանքներ հնչեցնել մարդկանց հասցեին, խարդախ անվանել,-վրդովված հայտարարեց Բաղդասարյանը,-շատ սարսափելի է, որ անբարոյականները վիրավորում են բարոյական մարդկանց: Եթե կա անբավարարվածություն, Ազգային ժողովը բավարարվելու տեղ չի”:
Tags: Ազգային ժողով
