Չորեքշաբթի օրը Ֆրանսիան Իրաքի քրդական ուժերին զենքեր է ուղարկել արմատական իսլամիստների դեմ պայքարելու նպատակով:
Նախագահական պալատի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զենքերի տեղափոխումը կիրականացվի առաջիկա ժամերի ընթացքում, և այս հարցը համաձայնեցվել է Բաղդադի իշխանությունների հետ:
Հայտարարության մեջ ընդգծվում է Իրաքի Քուրդիստանի ողբերգական վիճակը և նշվում է, որ Քուրդիստանին ու ամբողջ Իրաքին աջակցելու մոբիլիզացիան պետք է շարունակվի: Հայտարարության մեջ նշված չէ, թե ինչ տեսակի զենքեր են ուղարկվում:
Այս հայտարարությունը կատարվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նույնպես մեծացրել է իր դերակատարությունն Իրաքի քրդական շրջանին սպառնացող Իսլամական պետություն խմբավորման սունի ծայրահեղականների դեմ պայքարում:
Ֆրանսիան չորեքշաբթի օրը հայտնել է, որ պատրաստվում է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկել հյուսիսային Իրաք արմատականների կողմից հետապնվող կրոնական փոքրամասնություններին օգնելու համար:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 20 տոննա դեղամիջոցները, վրանները և ջրի մաքրման նյութերը Իրաքի քրդերի մայրաքաղաք Իրբիլ կհասնեն չորեքշաբթի օրը:
Այդ մարդասիրական օգնությունը կբավարարի 50,000 մարդու: Ֆրանսիան խոստացել է առաջիկա օրերին ևս միջոցառումներ ձեռնարկել լուրջ վտանգի տակ գտնվող բնակչությանն օգնելու նպատակով:
Tags: իրաք, քրդեր, ֆրանսիա