«Տավուշցի» ճնճղուկները հնարավոր է՝ չվել են հակառակորդի կրակոցների պատճառով

10614005_785889654766959_774540619_nՏավուշի մարզի գյուղերում արդեն երկար ժամանակ է՝ թռչուններ չեն երևում: Բերդի տարածաշրջանի մի շարք գյուղերում այս տարվա հունվարից բնակիչները նկատել են, որ իրենց այգիներից ու անտառներից թռչունների ծլվլոցներ չեն լսվում: <<Ճնճղուկները, որոնք անգամ ցուրտ ձմռանն էին բնակվում այստեղ, այս տարի չեն երևացել:

<<Երեկ մեր այգու սերկևիլի ծառին թռչնի բույն ենք գտել, բայց, ցավոք, դատարկ էր: Կարծում եմ՝ ուտելու բան չի եղել, սատկել են>>,-մեր թղթակցի հետ զրույցում նշեց Տավուշ գյուղի բնակիչ Ասյա Օհանյանը:

10609004_785889658100292_1706371529_nՍակայն, չի բացառվում, որ <<տավուշցի>> թռչուններն անհետացել են վերջին շրջանում հակառակորդի ակտիվ կրակոցների պատճառով: <<Հնարավոր է, քանի որ կրակոցները ևս խանգարող հանգամանք են: Այս պահին առանց ուսումնասիրելու դժվար է ասել՝ որոնք են պատճառները, դրանք կարող են լինել եղանակային պայմանները, մարդկային գործոնը: Կարող է կատունե՞րն են շատացել, միանշանակ ասել չեմ կարող, պետք է տեղում ուսումնասիրվի>>,-ասաց կենդանաբանության ինստիտուտի աշխատակից Մամիկոն Ղասաբյանը:

Ըստ մասնագետի, ձմռանը ցուրտ է եղել, հիմա էլ շոգ է, չի բացառվում, որ հենց բնակլիմայական պայմաններն են պատճառը, որ Տավուշից <<արտագաղթել են>> ճնճղուկները, կաչաղակները, ագռավները և մյուս թռչնատեսակները: <<Հնարավոր է՝ գարնանային անձրևները վնասել են թռչունների բներն ու ձվերը>>,-ասաց Մամիկոն Ղասաբյանը:

Ամեն դեպքում, բացառված չէ, որ Տավուշի՝ անտառներով շրջապատված գյուղերում ծիտիկները վախեցել ու չվել են հակառակորդի կրակահերթերի պատճառով: Գյուղացիների պատմելով՝ վաղուց նաև տաք երկրներից եկող երամներ չեն տեսել:

 

Անկախ

 

Tags: , ,