Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստում դատապարտել է Ադրբեջանի սադրանքները

Arman-KirakosyanՕգոստոսի 14-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կազմակերպության Մշտական Խորհրդի հատուկ նիստում հանդես եկավ հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:

Հայաստանի դեսպանը խստիվ դատապարտեց Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգցրել են մի շարք զոհերի և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում: Նշվեց, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994 թ. մայիսի և 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնագրերը և անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Դեսպան Կիրակոսյանը խոր մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաև շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց: Անընդունելի համարվեց հայկական Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ գտնվող Կարմիր խաչի մեքենայի գնդակոծումը:

Հայաստանի դեսպանը դատապարտեց պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Բաքուն, մերժելով միջնորդների առաջարկությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, դրանով իսկ ստանձնում է հրադադարի խախտումների և մարդկային զոհերի համար ողջ պատասխանատվությունը:

Հայաստանի դեսպանը վերահաստատեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կարևորությունը ու նշեց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու, իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ՝ արցախյան հիմնահարցը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով:

Հույս հայտնվեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնած Հայատանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանը կհրաժարվի հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից, վերջ կտա սադրանքներին ու փոխարենը ջանքեր կներդնի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Անկախ

Tags: ,