Հանգստանալով Անթալիայում՝ զինում ենք Ադրբեջանին

Ջոմարդյան«Հայաստանի քաղաքացիներն այս տարի նախընտրում են հանգստանալ Թուրքիայում,  Արևմտյան Հայաստանում, Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում, Արաբական Միացյալ Էմիրություններում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուրիստական գործակալության տուր մենեջեր Արսեն Ջոմարդյանը:  Այս երկրների կողքին այլընտրանքային տարբերակներ են Թայլանդը և Շրի Լանկան: Հայերի համար ցանկալի վայրերից  մեկը Մալդիվյան կղզիներն են, սակայն հանգիստն այդտեղ բոլորին չէ, որ հասանելի է:

Արսեն Ջոմարդյանը ընդգծեց, որ իրենց ընկերության հիմնադրման օրից ի վեր սկզբունքորեն չեն առաջարկվում տուրիստական փաթեթներ դեպի Թուրքիա, մասնավորապես դեպի Անթալիա: «Այն եկամուտը, որ Թուրքիան  ստանում է տուրիզմից, օգտագործվում է զենքերի ձեռքբերման համար, Ադրբեջանին սպառազինելու համար, այդ պատճառով մենք չենք ցանկանում խրախուսել հանգիստն այդ երկրում» , – նշեց Ջոմարդյանը:

Անդրադառնալով ներգնա տուրիզմին տուր մենեջերը նշեց, որ այստեղ դեռևս շատ ցածր մակարդակի վրա են ծառայությունները, չի լուծվում զուգարանների խնդիրը և երկրի տուրիստական առավելությունները համապատասխան կերպով չեն մատուցվում: Նա ընդգծեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին քիչ է հետաքրքրում Հյուսիսային պողոտան. «Նրանք ասում են ՝ «Դուք 2791 տարեկան մայրաքաղաք ունեք, ցույց տվեք մի բան, որ դա կվկայի»: Մեզ համար դժվար է գտնել 2-3 շենք, որոնք հին Երևանի մասին պատկերացում կտա»:

Հայաստանում բացակայում են զբոսաշրջիկների համար նախատեսված համապատասխան նշաններ, որոնք տարածված են ամբողջ աշխարհում. պատմամշակության վայրերը կամ ճաշարանները մատնանշող  նշաններ չկան: «Եկեղեցիների ծածկերը չեն մաքրվում: Պետք է հասկանալ, որ միայն ասֆալտապատումը բավարար չէ զբոսաշրջիկին գրավելու համար»:

Արսեն Ջոմարդյանը հավելեց, որ Հայաստան այցելում են հիմնականում Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի քաղաքացիները. «Սակայն այցելողների 60 տոկոսը սփյուռքահայեր են» , – նշեց նա:

 

Անկախ

Tags: , ,