Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը

photoՄիացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:

Արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը և կազմակերպում գրական ընթերցումներ: Այս յուրօրինակ փորձառության ընթացքում համատեղվում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման արտասովոր վայրը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ ու տարբեր վայրերում: Միջոցառումներն անց են կացվում Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում:

Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ին ժամը 16.00-ին Հայաստանում ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34):  Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:

Մայիսի 24-ին  մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայանում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները: Մայիսի 24-ին ժամը 13.00-ից-14.00-ն Բարեկամություն կայարանում շոտլանդական գրականության ժամն է, 15.00-ից -16.00-ն Մարշալ Բաղրամյան կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Հյուսիսային Իռլանդիայի գրողների ստեղծագործությունները, 17.00-ից -18.00-ն Երիտասարդական մետրոյում կհնչեն Ուելսի գրողների ստեղծագործությունները, իսկ անգլիական գրականությունը դերասանը կներկայացնի Հանրապետության հրապարակ կայարանում ժամը 19.00-ից – 20.00-ն: Ողջ օրվա ընթացքում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի և Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի և Հովհաննես Ղուկասյանի  հայերեն թագմանությամբ:

Իսկ մայիսի 25-ին ժամը 17.00-ին արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում կկազմակերպվի թեյախմություն և ընթերցանության ժամ:

Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն, ԵՄ կենտրոնը և Գրանիշ գրական ակումբը:

 

 

Tags: