Ինչ է գրել Վազգեն Մանուկյանը Ժիրինովսկուն Լևոն Հայրապետյանի հարցով

manukyan&zhirinovskiՕգոստոսի 16-ին «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի անդամները հեռախոսազրույց են ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որն այս պահին գտնվում է արձակուրդում, և նախնական պայմանավորվածություն ձեռքբերել նրա հետ հանդիպման համար:

Ինչպես տեղեկանում ենք շտաբի ֆեյսբուքյան էջից, Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ պատրաստ է օգտակար լինել մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչև օգոստոսի 13-ի դատական նիստը ինքը նամակ է գրել ՌԴ պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրել նրան աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում:

ՀԽ գրասենյակից Անկախ-ին տեղեկացրին, որ նամակն ուղարկվել է օգոստոսի 1-ին: Նամակում նշվել է, որ Լևոն Հայրապետյանը հայրենիքում հայտնի է ոչ միայն իբրև գործարար, այլև մարդ, որը մշտապես զբաղվում է բարեգործությամբ և մեծ հարգանք է վայելում ողջ ժողովրդի կողմից, և դժվար է պատկերացնել, որ նա կարող է մեղադրվել նման հանցագործության մեջ, ինչի մասին ասվում է:

Մանուկյանը նամակում նաև նշել է, որ դատարանը պետք է որոշի՝ մեղավոր է Հայրապետյանը, թե ոչ, սակայն ընդգծել է, որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, և նման իրավիճակում գտնվող մարդուն բանտում կամ բանտային հիվանդանոցում պահելը ոչ միայն մարդկային չէ, այլև կարող է Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից ոչ միանշանակ ընկալվել:

Մանուկյանը Վլադիմիր Ժիրինովսկուն խնդրել է իր ազդեցությունն օգտագործել Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում, որպեսզի նա համապատասխան բուժում ստանալու հնարավորություն ունենա՝ համոզմունք հայտնելով, որ դա որևէ կերպ չի խոչընդոտի հետաքննությանն ու դատական գործընթացին:

 

Անկախ

Tags: , , ,