Պետք է մեծացնել գինու արտահանման ծավալները դեպի ռուսական շուկա. տնտեսագետ

DSC00252Քառյակն արդեն 12 կետանոց պահանջներ է ներկայացրել, որոնք կքնարկվեն սեպտեմբերին: Բացի այդ, վերջին շաբաթների ընթացքում ավելացել են մի քանի պահանջներ ևս, որոնք կապված են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և սահմանամերձ գյուղերում բնակիչներին որոշակի արտոնություններ տալու հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը. «Խոսքը գնում է երկու ուղղությամբ արտոնություններ տալուն. մեկը հողի հարկի ու գույքահարկի արտոնությունների մասին է, մյուսը փոքր և միջին բիզնեսի արտոնագրային վճարների գործակիցների իջեցումը՝ գրեթե զրոյի հավասարեցնելով», – ասաց նա՝ հավելելով, որ կա ևս մեկը մտահղացում՝ մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում, արդյունաբերական գոտիներ ձևավորելու մասին: Այս օրենքի նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

«Գործող օրենքները պետք է համապատասխան լինեն կյանքի պահանջներին: Սահմանամերձ գյուղում հեշտ չի ներդրում կատարելը, բայց մենք պետք է ստիպենք մեզ հասկանալ, որ այդ ներդրումը պետք է կատարվի: Այն մարդիկ, ովքեր մնացելեն սահմանամերձ գոտիներում, էլ չեն գնալու: Նրանք ամենահայրենասեր մարդիկ են», -ընդգծեց խմբակցության անդամը:

Անդրադառնալով Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցներին և արգելքներին, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ Հայաստանը կարող է օգուտ քաղել այդ իրավիճակից գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաև՝ գինի արտահանելով Ռուսաստան: «Անցյալ տարի Հայաստանը արտահանել է 22.000 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 1,800 տոննա, անցյալ տարի 64-65 տոննա բանջարեղեն, այս տարի նախատեսվում է թիվը դրան հասցնել: Իսկ եկող տարի այդ թիվը պետք է հասնի 100-120 հազար տոննայի, ինչը մեր արտահանման ծավալները կմեծացնի մոտավորապես 80-90 միլիոն դոլարով»,- նշեց տնտեսագետը:

Վազգեն Սաֆարյանը կարևորում է հատկապես գինու արտահանումը Ռուսաստան, որտեղ վերջերս արգելվել է նաև մոլդովական գինու ներկրումը. «Երբ արգելվեց վրացական գինու ներկրումը ռուսական շուկա, հայ արտադրողները չկարողացան այդ իրավիճակից օգտվել, քանի որ դեռևս պատրաստ չէին դրան: Եթե կառավարությունը պետություն- մասնավոր բիզնես համագործակցությունը ավելի ճկուն իրականացնի, հնարավոր կլինի հասնել հաջողության»,-նշեց նա:

 

Անկախ

Tags: , , ,