Չեխիայում թալանվել է Մերիլին Մոնրոյին նվիրված ցուցահանդեսի ցուցանմուշներ տեղափոխող բեռնատարը: ցուցահանդեսը պետք է բացվեր հունիսի սկզբին` Պրահայում : Դատարկ բեռնատարը ոստիկանությունը հայտնաբերել է Պրահայից հարավ-արևմուտք գտնվող Բերոուն քաղաքի մոտակայքում:
“Բարեբախտաբար այդ բեռնատարում արժեքավոր ցուցանմուշներ չկային: Այն հիմնականում տեղափոխում էր ապակյա ցուցափեղկեր, շրջանակներ և ցուցադրության համար այլ անհրաժեշտ պարագաներ : Մերիլին Մոնրոյի կյանքին առչնվող առարկաներից միայն լուսանկարներն էին”,-հաղորդում է ИТАР-ТАСС -ը` վկայակոչելով ցուցահանդեսի կազմակերպիչ Ալիսա Տիտրովային:
Գողացված բեռնատարի վրա եղել է հայտնի իտալական Salvatore Ferragamo-ի լոգոտիպը: Այդ ընկերությունը մասնագիտացած է ձեռքով պատրաստված էքսկլուզիվ կոշիկների արտադրության վրա: Չեխական ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները մտածել են, որ բեռնատարը մեծ քանակությամբ թանկարժեք կոշիկ էր տեղափոխում:
Հայտնի է, որ բեռնատարը մտել է Պրահա, բայց դուրս է եկել այնտեղից առանց կանգ առնելու:
Կորած ավտոմեքենան սկսել են փնտրել, երբ ցուցահանդեսի կազմակերպիչները դիմել են ոստիկանություն: Կազմակերպիչները վնասը գնահատում են ավելի քան մեկ միլիոն կրոն,մոտ 50 հազար դոլար: Երբ կբացվի ցուցահանդեսը կամ կբացվի ընդհանրապես, առայժմ հայտնի չէ:
Նախատեսվում էր, որ ցուցադրությանը այցելուները կարող են տեսնել հայտնի կինոաստղի զգեստներն ու կոշիկները, որոնք ներկայացվելու էին մասնավոր հավաքորդների կողմից: Մերիլին Մոնրոն սիրել է Salvatore Ferragamo-ի կոշիկները: Ամերիկյան դերասանուհու ցնցող քայլվածքի գաղտնիքը հաջողվել է բացել միայն նրա մահից կես դար հետո: Պարզվում է, որ դերասանուհին կոշիկի մի զույգի կրունկը մի փոքր խարտում էր, ինչը նրա քայլվածքին անմոռանալի ճոճք էր տալիս:Այդ գաղտնիքը Մերիլինը ոչ մեկին չէր բացել:Նրա կոշիկի հավաքածուի մեջ Salvatore Ferragamo-ի արտադրության տասնյակ զույգեր կան : Այդ պատճառով ֆիրման դարձել է Մերիլին Մոնրոյին նվիրված ցուցահանդեսի հովանավորը, ինչը չար կատակի վերածվեց կազմակեչպիչների համար:
Tags: Մերիլին Մոնրո