ՊՆ մասնագետները պարապմունքներ են անցկացնում բազեականների հետ

5 (3)«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչներն այս օրերի ընթացքում աշխատում են հավաքի մասնակիցների հետ։

Ավագ ենթասպա, ավագ բժշկուհի Զինաիդա Գրիգորյանը երիտասարդներին ուսուցանում է առաջին բուժօգնության կանոնները։ Տիկին Զինաիդան 20 տարվա զինվորական է, Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտի տարիներին աշխատել է որպես վիրահատարանի բուժքույր, ամուսինը զոհվել է պատերազմում, թոռնիկն այժմ ծառայում է Արցախի պաշտպանության բանակում, ինչպես ինքն է հպարտությամբ ասում` հսկում է սահմանը։

7 (1)Նա ողջունում է նման հավաքները և հատկապես երիտասարդներին ռազմարվեստի ու առաջին բուժօգնության կանոններին ծանոթացնելը։ Զինաիդա Գրիգորյանը նկատումէ, որ հավաքի մասնակիցներից ոմանք որոշակի տեղեկություններ ունեն առաջին բուժօգնությունից. «Բոլորը հետաքրքրված են այս դասընթացներով։ Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, պետք է պատրաստ լինենք առաջին բուժօգնություն ցույց տալուն։ Ընդ որում, դա մեզ պետք է նաև առօրյա կյանքում»։

Երիտասարդներին ուսուցանվում են արյուն կորցնելու, կոտրվածքների դեպքում ինչպես վարվել հիվանդի հետ, ինչպես մշակել վերքերը և այլն։

Մայոր Նաիրի Մուրադյանն էլ հավաքի մասնակիցներին սովորեցնում է ձեռնամարտի պաշտպանական և հարձակողական հնարքներ։ Ասում է, որ երիտասարների սովորելու ցանկությունը ոգևորում է իրեն, առանձնացնում է նաև այն, որ այդ ձեռնամարտի հնարքներով աղջիկները նույնպես հետաքրքրված են։

Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Օգոստոսի 22-ին հավաքի շրջանակներում նախատեսված է հանդիպում տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամների հետ։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Tags: ,