Բուհերը շարունակում են անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Սերյոժա Օհանջանյան«Երևանը ոչ միայն հաշմանդամություն ունեցող  մարդկանց համար է անհարմար, այլև  մնացածի համար: Այն կառույցները, որոնք պետք է զբաղվեն այդ  խնդիրներով չեն անում կամ էլ այնպես են անում, որ պարզապես անուն դնեն իբր արել են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Հաշմանդամոթյուն ունեցող մարդկանց համար մեծ խնդիր է թեքահարթակների բացակայությունը և դրանց անորակ լինելը: «Ըստ ստանդարտների ՝ դրանք չպետք է 12-15 աստիճան թեքությունից ավելի լինեն, իսկ Հայաստանում դրանք գերազանցում են 30 աստիճանը»:

«Բարեփոխումներ վերջին տարիներին կատարվում են, սակայն դրանք բավարար չեն: Չպետք է մոռանանք, որ եթե քաղաքը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդկանց, այն հարմար է բոլորի համար: Սակայն նրանք միայնակ չեն կարողանում տեղաշարժվել քաղաքում», – իր հերթին նշեց «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը: Ըստ նրա ՝ այսօր հաշմանդամություն ունեցողների համար կարելի է առանձնացնել երեք գլխավոր խնդիր. մատչելիություն, զբաղվածություն, կրթություն:  Հայաստանում աշխատում է հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդամենը 7 տոկոսը:  Գործատուներից միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է լիարժեք պայմաններ ստեղծում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց աշխատանքի համար. ԱԻՆ-ում արդեն նման խնդիրներ ունեցող 30 մարդ է աշխատում: Անաշխատունակության հիմքում հիմնականում ընկած է կրթության բացակայությունը. «Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար կրթությունն անվճար է, մինչդեռ ո՞ւմ է պետք այս պայմանը, եթե բուհերում չկան անգամ թեքահարթակներ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: Դասախոսներն անգամ չեն կարողանում հետևել էթիկայի կանոններին նման ուսանողների հետ շփվելիս», – նշեց Սերյոժա Օհանջանյանը:

Ըստ նրա՝ պետք է լինեն հատուկ ծրագրեր և կազմակերպություններ, որոնք կզբաղվեն այդ խնդիրների լուծման հարցով: «Երևանի քաղաքապետարանը ֆինանս տրամադրում է սակայն չի վերահսկում գործընթացը: Մարզերում վիճակը շատ ավելի վատ է. Սա այն դեպքում, երբ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը մեծ է և տարեցտարի ավելանում է», – ասաց հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող կազմակերպության նախագահը:

 

Անկախ

 

Tags: , ,