<<Պարեց Չինարին ու ամբողջ ճամբարը հիացավ>>. Չինարիի ուսուցչուհի

10428032_790535030969088_9177959071217102008_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի դպրոցականներն այսօր վերադարձան Լոռվա <<Գուգարք>> ճամբարից:

Չինարեցի տասնհինգ փոքրիկներն ընկեր Մակարյանի ուղեկցությամբ տասը օր անցկացրել են ճամբարում: <<Բնականաբար, կարոտել ենք Չինարին, բայց դե, շատ լավ անցավ, էլի>>,-իջնելով իրենց տեղափոխած միկրոավտոբուսից` ուրախությամբ պատմեցին չինարեցի փոքրիկները: <<Օրը հագեցված էր, հետաքրքիր ծրագրեր կային, առավոտյան մեր երեխաները զբաղվում էին մարմնամարզությամբ, ապա նաև կարգի բերում իրենց սենյակները, այնուհետև կար հատուկ լողավազանի ժամ, երեխաները գնում էին լողի, որին հաջորդում էր հանգստի ժամը: Ճաշից հետո միջոցառումներ, ուրախ ժամանց>>,-նշեց Չինարիի դպրոցի ուսուցչուհի Արմինե Մակարյանը: <<Մենք այնտեղ միջոցառում ենք կաղմակերպել, որը ճանաչվել է ճամբարի լավագույն միջոցառումը, բոլոր երեխաներն են մասնակցել>>,-պատմեց նա:

10612572_790536127635645_3619518664849149779_nՉինարեցի ճամբարականներն առաջարկել ու հեղինակել են <<Չինարի>> խորագրով գեղարվեստական միջոցառումը, որը հուզել է <<Գուգարքի>> բոլոր ճամբարականներին: <<Ընտրեցինք մեր գյուղը, համակարգչով ներկայացրինք մեր գյուղի լուսանկարերը, տեսարժան վայրերը, երեխաներն արտասանեցին Չինարիին նվիրված բանաստեղծություներ, ներկայացրինք նաև բեմականացում>>:

Արմինե Մակարյանը պատմեց, որ սցենարի առանցքում եղել է 1994-ին Չինարիի Տանձուտ կոչվող տարածքում հերոսաբար զոհված Վահրամ Սաղոյանը, որի անունով է կոչվում գյուղի դպրոցը: Տանձուտն էլ հիմա վերանվանվել է Վահրամասար:

10644830_790535187635739_3173996156545789695_n <<Մայրը որդուն ճանապարհում է պատերազմ, շատ հուզիչ տեսարան էր, կարճ ու խոսուն: Վահրամը` որպես հավաքական կերպար, մարմնավորում էր արցախյան ազատամարտի ու հետագա տարիներին չինարեցի ազատամարտիկներին: Սյուժեն այնուհետև զարգանում է այնպես, որ տղաները մեկնում են պատերազմ, Չինարիի ուղղությամբ հնչում են կրակոցներ: Բեմականացման ավարտին հնչում է Կարնո քոչարին և որպես վերջաբան` <<պարեց Չինարին ու ամբողջ աշխարհը հիացավ>>:

<<Բոլորը հուզվել էին, երեխաներն այնպես էին դերի մեջ մտել, որ թե իրենք, թե հանդիսատեսը չկարողացան զսպել արցունքները: Բոլորն էին արտահայտվում, թե որքան շատ հայրենասիրություն կա չինարեցի փոքրիկների մեջ>>:

10622707_790535174302407_3515792569379771259_nՉինարեցի երեխաների ամառային ճամբարը հովանավորել է <<Հարավկովկասյան երկաթուղիներ>> ընկերությունը` նվիրելով երեխաներին նաև շապիկներ, մարզական իրեր` ապահովելով բարձր տրամադրություն: <<Վերջին կրակոցներից հետո մեր երեխաները տեղափոխվեցին բոլորովին այլ աշխարհ, ցրվեցին, հիմա հանգստացած են, պատրաստվում են <<Առաջին դասին>>,-ասաց Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Մակարյանը:

 

Անկախ

Tags: ,