Դունյա Միյատովիչը և Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ցնցված են Իլգար Նասիբովի դաժան ծեծից  

2ԵԱՀԿ-ն մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խորը վրդովմունք է հայտնել Նախիջևանում լրագրող և իրավաբան Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին Նասիբովի դեմ սարսափելի հարձակման գործով անցկացնել ամբողջական և անկախ հետաքննություն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել”,- ասել է Միյատովիչը` հավելելով, որ այս հանցագործությունը վերացնում է խոսքի և մամուլի ազատությունները ու լրագրողների նկատմամբ նոր հանցագործությունների առիթ կարող է հանդիսանալ:

Իր հերթին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ևս արձագանքել է օրերս Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին: “Մենք ցնցված ենք Նախիջևանում Իլգար Նասիբովի դաժան ծեծից: Հուսով ենք, որ արդար հետաքննություն կիրականացվի և մեղավորները կպատժվեն”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:

Tags: , ,