Մարզահամերգային համալիրի ներկայիս սեփականատերերը դիմելու են Եվրոպական դատարան

DSC00299«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատման գործընթացն ուղղակի աբսուրդ էր: Պատմամշակությային արժեք ունեցող այդ կառույցի արժեքը որոշվել է՝ հիմք ընդունելով Աջափնյակում բնակարանների արժեքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Սովորաբար գնահատումը կատարվում ստանդարտ կերպով կամ համեմատության միջոցով: Սակայն համալիրը պատահական բնակարան չէ, որը վիճակը գնահատվի, մյուս կողմից տարածաշրջանում նման շենք չկա, որպեսզի գնահատումը կատարվի համեմատության միջոցով: «Միակ ընդունելի ձևը այն կլիներ, որ Մշակույթի նախարարության կողմից հանձնաժողով կազմեր, որի կազմում կլինեին քանդակագործներ և ճարտարապետներ, ովքեր կգնահատեին կառույցի իսկական արժեքը: Սա ոչ թե մետաղ բետոնե կոնստրուկցիա է, այլ պատմամշակութային արժեք», -նշեց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ գնահատումը կատարել է Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Ստեփանյանին պատկանող ընկերությունը, ընդ որում՝ ներկայացուցիչը համալիրում անց է կացրել ընդամենը կես ժամ, ինչը , ըստ Կորյունի Գրիգորյանի, բավարար չէ գնահատումն կատարելու համար: 1  քառ մետրը գնահատել են 1200 դոլար, ինչը համարժեք է բնակարանի գնին: Այժմ համալիրը գնահատվում է մոտ 48 միլիոն դոլար: Ըստ համալիրի աշխատակցի՝ այն պետք է լիներ 100-120 միլիոն դոլար. «Բնակարանի առաստաղի բարձրությունը  3.20 մ է: Համալիրի առաստաղի բարձրությունը 33  մետր է»:

Կորյուն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Մարզահամերգայինի՝պետությանն ունեցած մոտ 25 մլն դոլար պարտքը պետբյուջեում չի երևում.ստացվում է, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը վճարել է այդ պարտքը: ԴԱՀԿ-ն նաև սառեցրել է համալիրի բոլոր աշխատակիցների հաշիվները, նրանք արդեն 8 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել Եվրադատարան.«Մեր հայկական դատարանները ինչ-որ խայտառակ ձևով են աշխատում: Այդ պատճառով հարցը արդարացիորեն լուծելու համար դիմելու ենք Եվրոպական դատարան», – նշեց Կորյուն Գրիգորյանը:

Անկախ

 

Tags: , ,