Խորհրդարանում պատգամավորների և կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրացրեց գազի սակագնի բարձրացման հարցը. «Ե՞րբ է կառավարությանը հայտի դարձել գազը վաճառող կողմի նոր առաջարկը գազի գնի վերաբերյալ»,-հարցրեց նա` նշելով, որ եթե դա վաղուց ներկայացվեր հանրությանը, հնարավոր կլիներ հանրայնորեն լուծումներ գտնել և ավելի կանխատեսելի միջավայր ստեղծել բիզնեսի համար:
Զուրաբյանը հարցրեց նաև, թե արդյո՞ք դա գաղտնի չի պահվել ընտրական գործընթացներին չխանգարելու նպատակով:
Բացի այդ նրան հետաքրքրում էր, թե այսօր Հայաստանն այլընտրանքային գազամատակարարման ի՞նչ հնարավորություն ունի` մատնանշելով Իրանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ երկար ժամանակ է` կառավարությունը բանակցությունների մեջ է ռուսական կողմի հետ` գազի գնի շուրջ: «Մենք այսօր հասել ենք նրան, որ «Գազպրոմի» կողմից Հայաստանի համար սահմանի վրա հայտարարված գազի գինը ընկերության ամենացածր գինն է»,-ասաց նա:
Իսկ թե ինչու այդ մասին չի խոսվել, որովհետև ըստ նախարարի, բարձր հնչեղություն տալը այս հարցին կարող էր հանգեցնել նրան, որ ներկայիս թվի փոխարեն շատ ավելի բարձր գին սահմանվեր. «Անընդհատ մյուս երկրներն էլ են նման խնդիրներ բարձրացնում, և մեզ պետք էր ժամանակ շահել, որպեսզի կարողանայինք հասնել լավագույն արդյունքին Հայաստանի համար; Այդ արդյունքն այսօր ակնհայտ է` 270 դոլլար սահմանի վրա»:
Ըստ նախարարի` իրանական կողմն այսօր այլընտրանք լինել չի կարող, քանի որ իրանական կողմի առաջարկած գինը տարածաշրջանում շատ ավելի թանկ է: Սուբսիդավորման խնդիրը, ըստ նախարարի, եղել է հանրապետության ղեկավարի հանձնարարականն ու կառավարության խնդիրը` մեղմացնել գնի ազդեցությունը սպառողների վրա. «Արդյունքում կառավարությունը որոշել էր սուբսիդավորել գազի գնման գինը սահմանի վրա մոտ երեսուն տոկոսի չափով` ինչ միջոցներով, ում հաշվին և ինչ մոտեցումներով, բանակցությունները դեռևս ռուսական կողմի հետ շարունակվում են, քննարկումները կառավարության ներսում շարունակվում են»,-տեղեկացրեց նախարարը:
