Հայազգի գրող Սևան Նիշանյանը Ստամբուլի 14-րդ դատարանի կողմից դատապարտվել է 13.5 ամսվա ազատազրկման իր անձնական բլոգում Մուհամեդ մարգարեին հասցեին գրածների համար, որոնք որակվել էին որպես վիրավորանք։ Թուրքական «Radikal»-ը գրում է, որ նախկինում դատապարտված լինելու պատճառով նա այլևս չի կարող այս պատիժը վերածել դրամական տույժի և դիմելու է վերաքննիչ դատարան։ Մարտ ամսին Նիշանյանի դեմ 1,5 տարի պատժի պահանջով դատական գործ էր հարուցվել «Ժողովրդի մի հատվածի դավանած կրոնական արժեքները հրապարակավ ոտնահարելու» մեղադրանքով։
Ըստ դատարանի գրանցած ցուցմունքի՝ Նիշանյանը իր տխրահռչակ հոդվածում հետևյալն էր գրել՝ «Հարյուրավոր տարիներ առաջ քաղաքական, ֆինանսական և սեռական կարիքների բավարարման համար Ալլահի հետ կապ հաստատած արաբ առաջնորդին ծաղրելը ատելության մեղք չէ»։ Նիշանյանը, խոսելով «Radikal»-ի հետ, քննադատել է դատարանի որոշումը։ «Այս հարցում մշտական քաղաքականություն կա։ Սա ծայրահեղական մի դատարանի ընդունած որոշում չէ։ Վստահ եմ, որ սա քաղաքական հիմք ունի»,-նշել է Նիշանյանը։
