Աղվան Վարդանյանը գյուղնախարարին առաջարկեց տեքստը գրած և իր ձեռքը տված աշխատողին ազատել աշխատանքից

imagesԱյսօր խորհրդարանում կառավարության  հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ գյուղնախարար Սերգո Կարապետյանի` լրատվամիջոցներից մեկում հրապարակված հայտարարությունը, թե կարկուտը գյուղատնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա չի անդրադառնա. “Պետությանը պատճառված տասնյակ միլիոն դոլարների վնասը ինչպե՞ս կարող է չանդրադառնալ վերջնական ցուցանիշների վրա,այդ ի՞նչ թվեր են: Պատրա՞ստ է նախարարությունը մեկ տարվա ընթացքում ապացուցել այդ թվերը”:

Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ սպասում էր նման հարցի և որպես իր ասածի ապացույց և պատասխան պատգամավորի բարձրացրած հարցին, սկսեց ընթերցել երկարաշունչ մի տեքստ.  «Մայիսի 12-ին բնական աղետի հետևանքով տուժել են բոլորը: Կարկուտը բարեկամ ու թշնամի չունի, եթե գալիս է, բոլորն է տանում ու բոլորից: Մեր աշխատասեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել դրանք հաղթահարելու իր խելքն ու շնորհքը…»:

Աղվան Վարդանյանը, տարակուսած նախարարի պատասխանից, որտեղ իր բարձրացրած հարցերի վերաբերյալ հստակ բան չկար, ասաց. «Պարոն Կարապետյան, ես առաջարկում եմ, որ այդ տեքստը վերադարձնեք այն աշխատողին, ով գրել և ձեր ձեռքն է տվել և նրան ազատեք աշխատանքից: Ես ձեզ կոնկրետ երեք հարց եմ տվել, իմ այդ հարցերին կոնկրետ պատասխանելու փոխարեն դուք այստեղ ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք…»,-հարցրեց պատգամավորը:

 

Tags: