Մայիսի 26-ին Հայաստանում դիսկ գոլֆի խաղադաշտ կբացվի

դիսկ գոլֆ Սույն թվականի մայիսի 26-ին ժամը 12:30-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կկայանա Հայաստանում «Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» ֆեդերացիայի կողմից դիսկ գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հատուկ այս սպորտաձևի  համար նախատեսված խաղադաշտի բացումը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում:

Միջոցառմանը ներկա գտնվողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ մի խաղի, որը հանդիսանում է հանրահայտ Գոլֆ խաղի տարատեսակ: Միջոցառման ընթացքում խաղի կազմակերպիչները կներկայացնեն խաղի էությունն ու նրա մեջ կներգրավեն միջոցառման հյուրերին: Դիսկ գոլֆ խաղի համար նախատեսված հատուկ սկավառակները հասանելի կլինեն տեղում: Միջոցառումը կզուգակցվի հյուրասիրությամբ: Հյուրերը կստանան նաև նվերներ դիսկ գոլֆի պաշտոնական ներկայացուցչի լոգոտիպով: Սպասվում են այլ անակնկալներ ևս:

Բացմանը ներկա են գտնվելու Հայաստանում դիսկ գոլֆ խաղի և «Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» ֆեդերացիայի հիմնադիր-տնօրեն և  բարերար Կայծակ Փալանջյանը, ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության և ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, ինչպես նաև դիսկ գոլֆ խաղի պրոֆեսիոնալ խաղացողներ և խաղով հետաքրքրված հայ երիտասարդաներ:

Հանրահայտ գոլֆ և դիսկ գոլֆ մարզաձևերը ունեն նույն խաղային կառուցվածքը և տալիս են խաղացողին նույն զգացողություններ: Նրանց գլխավոր տարբերությունը կայանում է միայն խաղի անհրաժեշտ սարքավորումների մեջ: Մահակների և գնդակների փոխարեն դիսկ գոլֆ խաղացողները նետում են հատուկ նախատեստված սկավառակներ` կախված խաղի բարդության աստիճանից: Դիսկ գոլֆ խաղալը  շատ հեշտ է և զվարճալի: Այն աշխարհի ամենամատչելի և հասանելի սպորտաձևերից է, չունի ոչ տարիքային և ոչ էլ սեռային սահմանափակումներ:

«Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» Ֆեդերացիա