Վարչապետը` մտքի հեղափոխության և տեղի ունեցող այլ ֆունդամենտալ փոփոխությունների մասին

big_35c03122cc6b6e913958fbe08ecb79acԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցրին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը` «մեծերին գլխից բռնելու» վերաբերյալ:

Վարչապետը հայտարարեց, որ վերջին հինգ տարիներին այդ ուղղությամբ լրջագույն քայլեր են կատարվել` հավելելով, որ այդ գրծընթացը սկսել են նախ և առաջ իրենցից.  «Սկսել ենք մեր կուսակցության անդամից, բարձր պաշտոն զբաղեցրած մարդուց և բացահայտել այդ չարաշահումները, և այսօր նա ազատազրկված է: Բացի Վազգեն Խաչիկյանից, կան նաև այլ պաշտոնատար անձինք` իրավապահ մարմիններից, և այդ գործընթացը հրապարակային է»,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր կողմից հնչեցրած թեզին` մտքի հեղափոխության վերաբերյալ: Նա ասաց, որ լրագրողները պետք է կարողանան իրենց համար հայտնաբերել այն կարևոր փոփոխությունը, որը տեղի է ունենում Աժ նիստերի դահլիճում և ուշադրություն չդարձնել երկրորդային խնդիրների վրա: Կարևոր փոփոխությունն, ըստ նրա, Ազգային ժողովում սկսված լրջագույն քաղաքական երկխոսությունն ու գաղափարախոսական բանավեճն էր, որը միտված է դեպի ապագան:

Ինչ վերաբերում է փոխադարձ մեղադրանքներին, ապա վարչապետը դա համարում է խորհրդարանին բնորոշ բնականոն գործընթաց. «Այդտեղ է տեղի ունեցել մտքի հեղափոխություն»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Lրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է վարչապետը վերաբերում բարձրաստիճան պաշտոնյաների` մասնավորապես վերջերս հրապարակված ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի չափերին` երկրի սոցիալական ծանր ֆոնին: «Մենք պետք է արձանագրենք այն ֆունդամենտալ փոփոխությունը, որը տեղի է ունեցել: Մենք սկսել ենք հրապարակել 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները: Դա ևս հեղափոխական փոփոխություն է, քանի որ դուք այսօր հնարավորություն ունեք քննարկելու վարչապետի եկամուտները, ծախսերը, ունեցվածքը, և դա չափազանց կարևոր հանգամանք է»,-ասաց նա:

Ըստ նրա` պետական պաշտոնատար անձանց եկամուտների հրապարակայնացման  մեխանիզմների ներդրման միջոցով բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: «Միանգամից հնարավոր չէ բոլոր հարցերին պատասխանել, բայց մենք ստեղծում ենք մեխանիզմներ, որ այն Սահմանադրական նորմը, որ քաղաքական գործիչներն ու պատգամավորները չեն կարող զբաղվել բիզնեսով, իրականություն դառնա»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը հերքեց վերջին տարիներին իր եկամուտների կտրուկ աճի վերաբերյալ լուրերը. «Իմ եկամուտներն աճել են այնքանով, որքանով բանկերում ավանդներից տոկոսներ են գոյացել»,-հավաստիացրեց նա:

Tags: ,