Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրազենային հարձակման պատճառով սպանվել է Չեչնիայի Հանրապետության(վարչական միավոր ՌԴ-ում) հյուպատոս Մեդեթ Ունլյուն, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը։
Ոստիկանության հետաքննության համաձայն` հարձակումն իրականացնողները երկուսն են եղել։ Նրանցից մեկը սպասել է մեքենայում, իսկ մյուսը խլացուցիչ ատրճանակով սպանել է հյուպատոսին։
Շենքի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հանցագործներին: Ոստիկանությունը փնտրում է նրանց։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը ևս մասնակցելու է այդ գործին:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ըստ նախնական վարկածի՝ երկու անհայտ անձինք հյուպատոսի դռան զանգն են տվել այն պահին, երբ վերջինս պատրաստվում էր նամազ անել։ Դուռը բացելուց հետո հանցագործները մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ և փախուստի դիմել։
Ավելի ուշ հարազատներն անհանգստացել են, քանի որ նա չի պատասխանել հեռախոսազանգերին, և դիմել են ոստիկանությանն ու շտապօգնության աշխատակիցներին։ Վերջիններս գտել են հյուպատոսի անկենդան մարմինը։
