|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի դերը համաշխարհային և եվրոպական ավիացիայի զարգացման ու անվտանգության ապահովման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, հատկապես արտաքին աշխարհի հետ ցամաքային ճանապարհով սահմանափակ հաղորդակցման հնարավորություններ ունեցող մեր երկրի համար ավիացիան կրկնակի կարևորություն ունի: Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուն գոհունակությամբ է խոսել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ իր գլխավորած կազմակերպության համագործակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան առաջատարների շարքում է միջազգային չափանիշների կիրարկման բնագավառում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության և ապահովության մակարդակի բարձրացման խնդիրների շուրջ: |

