Արծվիկ Մինասյանը՝ վարչապետի մտքի հեղափոխության, Գալուստ Սահակյանի մտքի գոհարների և հանրապետականներին դալաններում ծեծելու մասին

02-149Այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանիˋ մտքի հեղափոխության մասին արտահայտած տեսակետին: Նրա խոսքով, եթե վարչապետն ի նկատի ունի կառավարության ծրագրի վերաբերյալ ծավալված քննարկումը, որտեղ ընդդիմությունը քննադատում էր հիմնավորված, իսկ իշխանության պատասխանը միայն վիրավորելն էր, ապա մեզ նման հեղափոխություն պետք չի: «Եթե մտքի հեղափոխության մասին են խոսում, առաջին հերթին իշխանությունը պետք է պատրաստ լինի այդ բարեփոխումների ընթացքում նաև իշխանությունը զիջելու: Իսկ մենք նման հեղափոխության ծիլերն անգամ չտեսանք»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա, քննարկումները ցույց տվեցին, որ իշխանության պատկերացումներն, ընդհանուր առմաբ, ցինիզմի են նման, ոչ թե իրականությունն ընկալելու և մտահոգ քայլեր իրականացնելու պատրաստակամության ու կեցվածքի:

Փոխարենը պատգամավորը իշխանության ներկայիս կեցվածքը համեմատում է Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանի» քավոր Պետրոսի քաղաքականության հետ· «Արտաքնապես սրբազնացված, բարեկիրթ ու պատրաստակամ, իսկ հոգու խորքում ամեն հանցագործության պատրաստ»,-ամփոփեց նա:

Արծվիկ Մինասյանը հեռակ ակարգով պատասխանեց նաև Գալուստ Սահակյանինˋ նկատելով, որ վերջինս միշտ է փայլում է իր մտքի գոհարներով: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության զեկավարի արտահայտած մտքին, թե ինչ կլիներ ընդդիմության վիճակը, եթե չլիներ այսօրվա իշխանությունը, ասաց· «Այո, եթե չլիներ այսօրվա իշխանությունըˋ նախագահի գլխավորությամբ, ապա դաշնակցությունը կլիներ իշխանության, երևի Գրիգորիչը դա ի նկատի ուներ»:

Գալուստ Գրիգորիչի «մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա» արտահայտությունն էլ Արծվիկ Մինասյանին հիշեցնում է երկու մուլտֆիլմˋ «Հայելի ջան, հայելի, ասաˋ ով է ամենագեղեցիկը» և «Ես ամենաամենան եմ»:

Գալուստ Սահակյանի «մտքի գոհարներից» մեկն էլ, թե իրենք ընդդիմության կարիքը չունեն, դաշնակցական պատգամավորն ընդամենը անպատասխանատու վերաբերմունք է համարում· «Իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքական մեկ օրակարգի մաս պետք է լինեն և հակակշռման լծակներով պետք է առաջնորդվեն: «Այդ հայտարարությունը Լյուդովիկոս տասնչորսերորդին է հիշեցնում, որ ասում էրˋ պետությունը դա ես եմ: Դրա վերջն էլ գիտենք: Դա տանում է կործանման»,-ասաց նա:

Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի «հանրապետականներին դալաններում ծեծի» վերաբերյալ արտահայտությանը, ապա Արծվիկ Մինասյանը, դա քաղաքական հումոր որակելով, մի բան պատմեց. «Այդ հայտարարության հաջորդ օրը Ազգային ժողովի հետևի մուտքի դալանում հանդիպեցի մեր հարգարժան գործընկերներինˋ հանրապետականներիցˋ Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին: Ասացի՝ էրեկվա հայտարարությունից հետո որոշել եք այլևս մենակ դալան չմտնե՞լ»:

Tags: