Խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօր ընդդիմությունը համախմբված է ավելի, քան երբևէ. «Պառլամենտը դարձել է պառլամենտ,-ասաց նա,-իշխանությունները տարիներ շարունակ սովորել էին, որ նրանք կարող են հափշտակել մեր ազգային հարստությունը, գողանան, կեղեքեն ժողովրդին և գան խորհրդարան՝ ներկայանալով որպես սոլիդ, հարգված, պետական մտածողության մարդիկ: Այդ հաճույքից մենք իրենց այս քնարկումների ժամանակ զրկեցինք: Իրենք հասկանում են, որ խորհրդարանում հնչում է ճշմարտացի խոսք: Էն ժամանակ գողանում էին ու հաճույք էին ստանում, հիմա գողանում են, բայց հաճույք ստանում: Սա է տարբերությունը»:
Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը՝ նա հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 13-ին ստացած գազի գնի բարձրացման հայտին կցված պայմանագրով` գազի նոր գնի գործարքի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել դեռևս ապրիլի 1-ից, և եթե գազի նոր գինը գործում է ապրիլի 1-ից, ուրեմն պայմանագիրը ստորագրվել է մինչև ապրիլի 1-ը. «Փաստորեն, իշխանությունը հասարակությունից թաքցրել է գազի գինը, և մենք ենթադրում ենք, որ այդ ինֆորմացիան հասու է եղել իշխանություններին նախագահական ընտրություններից առաջ, լուրջ հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստանի հետ գազի նոր գինը համաձայնեցրել են ավելի վաղ` նախորդ տարվա հոկտեմբեր ամսին»,- ընդգծեց նա՝ ասելով, որ դա խարդախություն է, որի համար իշխանությունը պետք է պատասխան տա:
Tags: Ազգային ժողով
