Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

p989912419-3Հայաստանի մարմնամարզության  հավաքականը Մոսկվայից երեկոյան կվերադառնա Երևան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար   Հակոբ Սերոբյանի վկայությամբ, մեր թիմի բոլոր`  հինգ անդամներն արդարացրել են սպասելիքները:

Թիմը տուն է վերադառնում մեկ` բրոնզե մեդալով, որը հենացատկերում նվաճել է Արթուր Դավթյանը: Մոսկովյան ստուգատեսում առաջին և երկրորդ տեղերը  գրավել են Լոնդոնի օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ մրցանակակիրներ, ռուսաստանցի Դենիս Աբլյազինը և ռումինացի Ֆլավիուս Կոշչին: Վերջինից, նույնիսկ սխալ  մրցավարության պարագայում, Արթուրը հետ է մնացել ընդամենը 0,021 միավորով: Նժույգաթափերում 5-րդ տեղ է գրավել Հարություն Մերդինյանը:

Հավաքականի մարզչական խորհրդի անդամները, մարմնամարզիկները հոկտեմբերի սկզբին կմասնակցեն Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: