Սոսկ գերմանական հակամարտություն

չլ1346338264Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչը: Պատվավոր մրցանակը  կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:

Առաջինը կփորձի 5-րդ անգամ տիրանալ Եվրոպայի գլխավոր ակումբային գավաթին, իսկ դորտմունդցիները կձգտեն կրկնել 16-ամյա վաղեմության հաջողությունը: Ուշագրավ է, որ  եզրափակիչը 7-րդ անգամ կանցկացվի  «Ուեմբլի» մարզադաշտում և 7-րդ անգամ այն կսպասարկվի իտալացի մրցավարների կողմից:

Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» եւ «Բավարիայի» շահերը կհատվեն 5-րդ անգամ: Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում և սուպերգավաթի համար պայքարում հաջողությունն ուղեկցել է մյունխենցիներին: Իսկ առաջնության երկու հանդիպումները ավարտվել են 1:1 հաշվով: Վերջին անգամ դորտմունդցիները «Բավարիային» հաղթել են Գերմանիայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում: Անցյալ տարվա մայիսի 12-ին տեղի ունեցած այդ հանդիպումը նրանք շահել են 5:2 հաշվով:
«Բավարիան» 10-րդ անգամ է մասնակցելու այս մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը: Այդ ցուցանիշով առաջատար են «Ռեալը» (12) և «Միլանը» (11): Բացի դրանից, բավարացիները կարող են դառնալ պատվավոր մրցանակը 5 անգամ նվաճած 4-րդ ակումբը «Լիվերպուլից» (5), «Միլանից» (7) և «Ռեալից» (9) հետո:
Սա լինելու է տարբեր մրցաշարերում «Բորուսիայի» եւ «Բավարիայի» 101-րդ հանդիպումը: Նախորդ խաղերից  46-ը ավարտվել է մյունխենցիների, իսկ 25-ը՝ դորտմունդցիների հաղթանակով: Մնացած հանդիպումներում արձանագրվել է ոչ-ոքի:

Tags: