Ունենք այն, ինչ ունենք` աճող գներ ու աճող աղքատություն. Անդրեաս Ղուկասյան

gaz-shmol1Այսօր «Արմատ» մամուլի ակումբում «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Սիլվա Ադամյանը, Արամ Գրիգորյանը և Անդրեաս Ղուկասյանը ներկայացրեցին գազի գնի բարձրացման դեմ իրենց նախատեսած ծրագրերն ու հետագա քայլերը:
Սիլվա Ադամյանը, ով 7 տարի աշխատել է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ում, նկատեց, որ ընկերությունը այնքան վատ է աշխատել նախկինում, որ հիմա անհեթեթ է խոսել սպասարկման որակը բարձրացնելուն ուղղված գործողությունների կատարման նպատակով սակագնի ավելացման մասին: «Եթե բակ առ բակ շրջեք, կտեսնեք, որ հաշվիչները սխալ են տեղադրված, կան արտահոսքեր, անհասկանալի է` ընկերությունը ինչով է զբաղված, եթե ոլորտը սարսափելի վիճակում է», – ասաց Սիլվա Ադամյանը և ահազանգեց. «Ոչ ոք չի կարող արգելել մարդուն ծառ հատել ու տաքանալ, երբ նա չի կարողանում վճարել օրեցօր թանկացող գազի վարձը: Սա ոչ միայն գազի գնի թանկացում է, այլև ժողովրդի լինելու կամ չլինելու խնդիր, քանի որ այս գնաճը տարածվելու է բոլոր ապրանքների ու ծառայությունների վրա»:
Խոսելով իրենց նախաձեռնության մասին` Արամ Գրիգորյանը նկատեց, որ գազի գինը ոչ միայն չի բարձրանա, այլև կիջնի, եթե պատկան մարմինները լրջագույնս ուսումնասիրեն իրենց առանձնացրած պրոբլեմները, օրինակ, թե ինչու է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ում միջին աշխատավարձը գրեթե կրկնակի գերազանցում ՀՀ միջին աշխատավարձի չափին:
Անդրեաս Ղուկասյանն էլ հայտնեց, որ իրենք աննկուն են և չեն թույլ տալու իշխանություններին անել խելքներին փչածը. «Տապալել որոշումը` սա մեր նպատակն է: Իշխանությունները գործում են նույն կազմով և թույլ են տալիս նույն կամայականությունները: Սա է պատճառը, որ ունենք այն, ինչ ունենք` աճող գներ ու աճող աղքատություն: Բայց մենք պատրաստվում ենք մինչև հունիսի 7-ը տապալել գազի թանկացման ընթացքը և 90 օրվա ընթացքում պահանջել, որ հանրությանը հասանելի դառնան թանկացման բոլոր մանրամասները, ընթացքը դառնա պարզ ու թափանցիկ, պարզ դառնա, թե ուր է գնում այդ հսկայական դրամահոսքը, և արդյոք չկան կոռուպցիոն ռիսկեր: Էլ չենք թողնելու, որ «զոռբայության» եղանակով առաջ գնան, հակառակ դեպքում անհնազանդության ուղին ենք բռնելու` կոչ անելով սպառողներին չվճարել գազի վարձը»: