Փարիզում երկրորդ օրն է, ինչ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ:
Երեկվանից ի վեր ձերբակալվել է 293 մարդ, որոնցից 231-ը մեղադրվում է հասարակական կարգի խախտման մեջ:
Անհանգստությունները սկսվել էին կիրակի երեկոյան, երբ քաղաքի կենտրոնում շուրջ 150,000 մարդ էր հավաքվել ցույցին մասնակցելու համար:
Ոստիկանության և աջակողմյան ծայրահեղականների միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել Լե Էնվալիդի հուշարձանի մոտակայքում, որտեղ թաղված է Նապոլեոն Բոնապարտը:
Ցուցարարներից մեկը հայտնում է, որ նոր օրենքի ընդունումը վտանգում է ավանդական Ֆրանսիայի գոյությունը, այդ իսկ պատճառով իրենք դուրս են եկել փողոցներ:
Հարյուրավոր մարդիկ քարեր և ծուխ արձակող ռումբներ են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազի արձակմամբ և մահակներով հարվածելով:
Բախման արդյունքում երկու կողմերից էլ բազմաթիվ վիրավորներ կային: Լրագրողները ևս հարձակման են ենթարկվել, նրանցից երկուսը ծանր վիրավորվել են:
Բախումները տեղի են ունեցել ֆրանսիական խորհրդարանի մոտակա շրջանում, որտեղ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստ կառավարությունը ընդունել է նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրենք՝ այդպիսով Ֆրանսիան դարձնելով աշխարհում 14-րդ երկիրը, որ թույլատրում է նույնասեռականների ամուսնությունները:
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից հովանավորվող ցույցերը Ֆրանսիայի աջակողմյան ուժերի համար ձախերի դեմ դուրս գալու հնարավորություն են ընձեռել: Ներքին գործերի նախարար Մանուել Վալի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը ձերբակալվածների թվում 100 աջակողմյան ծայրահեղականներ կային:
Կիրակի օրը Փարիզում հսկայական ամբոխի դեմ դուրս էին եկել 4,500 ոստիկաններ:
Ֆրանսիայում առաջին նույնասեռականների ամուսնությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը երկրի հարավում գտնվող Մոնտպելիե քաղաքում:
Չնայած հզոր ցույցերին՝ կիրակի օրը հրապարակված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 53 տոկոսը կողմ է նույնասեռականների ամուսնություններին և երեխա որդեգրելուն:
