Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը մայիսին վերսկսելու խոստումներն այդպես էլ չիրականացան։ Դեռևս հակասական տեղեկություններ են տարածվում աշխատանքներում առկա խնդիրների մասին, որոնք, ըստ նախագծի, պետք է ավարտվեին 2014թ.-ի վերջին, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը։
Խնդիրները սկսել են 2012թ.-ի վերջից՝ Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիայի` իշխանության գալուց հետո։ Նոր կառավարությունը կասկածի տակ էր դրել նախագծի մոտ 3 անգամ թանկացումը (220 մլն դոլարից հասցվել էր 775 մլն դոլարի)։ Այդ հարցը անցյալ տարվա վերջին քննարկվել է Իվանիշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում։
Ադրբեջանը 2007թ. փետրվարին վրացական հատվածի շինարարության համար նախատեսում էր 775 մլն դոլարի վարկ հատկացնել պետական նավթային ֆոնդից։ Մինչև “Վրացական երազանք” կոալիցիայի իշխանության գալը՝ 2012թ.-ի հոկտեմբերին, հատկացվել է այդ գումարից 431.3 մլն դոլարը։
Նախագիծը նախատեսում է 124 կմ երկաթուղու կառուցում, որից 92 կմ-ն անցնում է թուրքական, իսկ 32 կմ-ը՝ վրացական հատվածով։ Չնայած երկարության նման տարբերությանը և թուրքական կողմում ավելի բարդ ռելիեֆին` թուրքական մասի նախնական արժեքը գրեթե չի փոխվել՝ յուրաքանչյուր կողմից 200 մլն դոլար ։
Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարությունը զգուշացրել է, որ պատրաստ է իր վրա վերցնել միայն այն միջոցների վերադարձը, որոնք իսկապես ծախսվել են նախագծի վրա։ Վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը վարկ է հատկացրել այն բանից հետո, երբ նախագահներ Ալիևն ու Սահակաշվիլին փոխադարձ համաձայնության են եկել նախագծի մանրամասների, մասնավորապես՝ դրա թանկացման շուրջ։
Ըստ կայքի` այս բարդ իրավիճակում Սահակաշվիլին իրեն շատ նյարդայնացած է պահում։ Նա մի քանի անգամ այցելել է Ադրբեջան, իսկ վերջին անգամ՝ մայիսի 7-ին, որպեսզի կարգավորի նախագծի ֆինանսական հարցերը, որոնք ծագել են Իվանիշվիլիի նոր մոտեցման արդյունքում։
Նախագծի թանկացում գրանցվել է նաև ճանապարհի թուրքական մասում, ինչը թուրքական ընդդիմության հանդիմանությանն է արժանացել։
Բաքու-Թբիլիսի-Կարսի նախագծի թանկացումը սահմանի երկու կողմերն էլ պայմանավորում են բարդ ռելիեֆային տեղանքով, կարծես նախագծման ընթացքում այդ մասին ոչինչ հայտնի չի եղել։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Էնսար Օգյութը հայտարարել է, որ 2013թ.-ին երկաթուղու կառուցումը վերսկսելու գործընթացը տապալվել է, և կասկածելի է, որ անգամ 2014-2015թթ.-ին այն հնարավոր կլինի իրականացնել։
