Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցչի միավորները Ադրբեջանի կողմից գողանալը որակել է որպես «սարսափելի»: Լավրովը նշելով, որ մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ Դիաննա Գարիպովայի ձայները գողացվել են, ասել է. «Այս սարսափելի դեպքը անպատասխան չի մնալու»:
Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանում քվեարկության արդյունքում Գարիպովան երկրորդ տեղն է գրավել, այնուհանդերձ Ադրբեջանը բացատրություն չի տվել, թե ինչու Գարիպովան քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ իրենց կողմից ոչ մի ձայն չի ստացել: Սրան հակառակ՝ Ռուսաստանի քվեարկության արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչը առավելագույն ձայներն էր հավաքել: «Ակօս»-ի կայքը հայտնում է, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է հետաքննություն սկսել պարզելու համար, թե ինչպես են կորել Ռուսաստանին տրված ձայները: Մոսկվայում Սերգեյ Լավրովի և նրա արբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը տեղի ունեցածը նմանեցրել է մի «դետեկտիվ պատմության»: Ի պատասխան սրան՝ Մամեդյարովը նշել է. «Ձայները ու՞ր են գնացել, ինչպե՞ս են կորել: Իհարկե, այս հարցերի պատասխանը պետք է տա պետական հեռուսատեսությունը: Մրցույթը կազմակերպած Եվրոպական հեռարձակողների միությունն էլ չպետք է հրապարակեր այդ քվեարկության արդյունքները»:
Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանական երեք հեռախոսային օպերատորներից ստացված ձայների արդյունքում առաջին տեղում եղել է Ուկրաինայի ներկայացուցիչը, որին հաջորդել է Ռուսաստանը: Սակայն, եթե Գարիպովան ստանար Ադրբեջանից իրեն հասանելիք 10 միավորը, այնուհադերձ դա չէր փոխի ընդհանուր արդյունքները՝ Գարիպովան կմնար 5-րդ հորիզոնականում:
