Կանաչ ջոկատն այս պահին Գետահովիտում է: «Կանաչ Ջոկատ»-ի անդամները այցելել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ` հանդիպելու գյուղացիների հետ և միասին այցելելու «Խաչաղբյուր -2»ՀԷԿ-ի կառուցման տարածք:Գյուղացիները բնապահպաններին պատմել են, որ իրականում իրենց ճնշել և վախեցրել են, որպեսզի նրանք չհամարձակվեն ընդվզել ՀԷԿ-ի կառուցման դեմ: «Գյուղացիների հետ զրույցում պարզ դարձավ, որ այս ընթացքում նրանց բազմիցս սպառնացել և վախեցրել են՝ կնոջդ կհեռացնենք աշխատանքից, ուսանող տղուդ կկտրենք համալսարանից: Բացահայտ երևում էր խուժան կրիմինալի ներկայությունը և ազդեցությունը գյուղում»,- պատմում է Մարիամ Սուխուդյանը :
«Մենք հանդիպեցինք և զրուցեցինք գյուղացիների հետ, մարդիկ սկսեցին կամաց-կամաց մոբիլիզացվել: Հավաքվում էինք, որպեսզի միասին բարձրանանք ՀԷԿ-ի կառուցման տարածք: Այդ ընթացքում 4-5 հոգի թափթփուկներ հայտնվեցին և սկսեցին գյուղացիների անունից խոսել, դրանք ամենայն հավանականության ՀԷԿ-ը կառուցող «ՄեգաԷներջի» ընկերության աշխատողներն էին կամ Հանրապետական կուսակցության աշխատողներ»,- պատմեց Եղիա Ներսեսյանը: «Ճանապարհին կրիմինալատիպեր փակեցին մեր ճանապարհը:
Վերջիններս սկսել են վիճել ակտիվիստների հետ` փակելով նրանց ճանապարհը իրենց 57 LO 283 նիվա և 25 OO 423 վիլիս մեքենաներով մեքենաներով և գոչել` չեք գնալու, քանի որ ամբոջ գյուղը կողմ է ՀԷԿ-ի կառուցմանը: Գյուղացիներն իրենց հերթին գոռում էին, որ նրանք սուտ են խոսում: Բնապահպանները անմիջապես ահազանգել են ոստիկանության թեժ գծին:
Ներկա պահին պայքարը շարունակվում է: Ակտիվիստները փորձում են գնալ ՀԷԿ-ի կառուցման տարածք:
Tags: բնապահպանություն
