Մայիսյան հերոսամարտերը մեր ժողովրդի միասնականության վառ օրինակն են. Մհեր Հովհաննիսյան

Celebration of Armenia's First Republic Day took place at Sardarapat MemorialԱյսօր Հայաստանի առաջին հանրապետության օրն է: 1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը: Մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ պայքարում և կասեցնել նրանց առաջխաղացումը: Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: Այս առիթով այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:

Պետրոս Հովհաննիսյանը նշեց, որ միշտ չէ, որ Առաջին հանրապետության  ձեռքբերումը լիարժեք  է ներկայացվում: Ըստ նրա`  մենք երեք հանրապետություն ենք ունեցել և չպետք է ուրանանք մեր պատմության այդ կարևոր իրադարձություններից և ոչ մեկը, հատկապես, որ  Առաջին Հանրապետության ստեղծման ակունքներում կանգնածները նվիրյալներ էին, ոչ թե պատահական մարդիկ:

Մհեր Հովհաննիսյանն էլ մատնանշեց, որ մայիսյան հերոսամարտերը հավաքական հաղթանակի հերոսամարտեր էին, որովհետև Արամ Մանուկյանի կոչին միացել էին բոլոր  խավի ներկայացուցիչները , կուսակցականները և ոչ կուսակցականները: «Հերոսամարտերը մեր ժողովրդի միասնականության վառ օրինակն են: Մենք միայնակ էինք մնացել ամբողջ աշխարհի դեմ և տարածաշրջանում միակն էինք, որ նվաճեցինք անկախությունը, ոչ թե պարգև ստացանք, ինչպես Ադրբեջանն ու Վրաստանը»,-ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենը:

 

 

 

Tags: ,