Վարչապետն այցելել էր Գյումրի

գյումրիԱյսօր Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը  էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի, Շիրակի մարզային ու Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ մասնակցում էր դեպոների բացման արարողությանը: 2010 թվականից Գյումրիի լոկոմոտիվային եւ վագոնային-վերանորոգման դեպոներում սկսվել էին վերակառուցման աշխատանքներ, որոնց ավարտին այս երկու կառույցները համալրվել են նաեւ նոր տեխնիկական սարքավորումներով: Վերանորոգման աշխատանքների ձեռնարկումը երկաթուղու պատասխանատուները կարեւորում են դրանք առավել ժամանակակից եւ անվտանգ արտադրամասեր դարձնելու տեսանկյունից: Ի վերջո, այս ամենն արվում է Հայաստանում երկաթուղու անվտանգ երթեւեկության մակարդակը բարձրացնելու համար:

Կառույցների վերակառուցման համար ծախսվել է 128.6 մլն ռուբլի, իսկ տեխնոլոգիական սարքավորումների համար՝ 68.4 մլն ռուբլի: Դեպոները շահագործման հանձնվեցին եւ վերաբացվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Իսկ ժապավենները կտրելու պատիվը շնորհվեց վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Վլադիմիր Յակունինին:
Մինչ այս պահը մեր Հայաստանի երկաթուղին սպասարկող գնացքները վերանորոգվում էին Վրաստանում, եւ այս քայլը հնարավորություն տվեց տեղում աշխատանքներ կատարելու համար, իր խոսքում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վերակառուցման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության նորմերին՝ հատկապես, աշխատանքի անվտանգության պահպանմանը: Դեպոյում ստեղծվել են աշխատողների եւ լոկոմոտիվային թիմերի հանգստի ու առողջության պահպանման համար լիարժեք պայմաններ:
Լոկոմոտիվային եւ վագոնային-վերանորոգման դեպոների մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահի եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կողմից:
Գյումրիի դեպոներում աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, հաշվի առնելով նաեւ աշխատանքի վտանգավորությունը: Արդյո՞ք սպասվում են աշխատավարձերի վերանայում, քանի որ աշխատողները դժգոհ են, հարցին Տիգրան Սարգսյանը նշեց. “Ինձ շատ հետաքրքիր է հարցը, տեղյակ եմ: Նաեւ Վլադիմիր Իվանովիչն ասաց այդ մասին, երբ ես հետաքրքրվեցի աշխատավարձի հարցով. ստացանք պատասխան, որ տարեցտարի աշխատավարձի աճ է նախատեսվում: Եվ հիմա  ստեղծվում են նորմալ աշխատատեղեր, այստեղ աշխատելն արդեն անվտանգ է, ավելի հուսալի է, մարդկանց առողջության վերահսկողության լրջագույն համակարգ է ներդրվել եվ ստեղծվել են բարենպաստ պայմաններ”: Սակայն երկրի վարչապետը շատ արագ հեռացավ՝ անպատասխան թողնելով լրատվամիջոցների բազում հարցեր:
Հիշեցնենք, որ “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ն իրականացնում է “Հայկական երկաթուղիներ” ՓԲԸ-ի կոնսեպցիոն կառավարումը՝ 2008 թվականից՝ 30 տարի ժամկետով:

Tags: