Պատմաբան. «Չպետք է ուրանալ երկրորդ հանրապետությունը, որի շնորհիվ այսօր ունենք երրորդ հանրապետությունը

պետրոս հովհաննիսյանԱյսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը, ովքեր խոսեցին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման , մայիսյան հերոսամարտերի և պատմական դասերի մասին:

«Ժողովրդի կյանքում ամենասրբազան բանը պետականությունն է: Ամենադժբախտն այն ժողովուրդն է, որ զուրկ է դրանից: Մեր պետականությունը մենք պետք է կարողանանք ամեն գնով պաշտպանել, ամեն գնով օգտակար լինել մեր պետությանը: Միշտ չէ, որ առաջին հանրապետության ձեռքբերումները լիարժեք են ներկայացվում: Մենք ունեցել ենք երեք հանրապետություն և չպետք է ուրանալ այդ կարևոր իրադարձություններից և ոչ մեկը: Հայաստանի առաջին հանրապետության անկախության գործընթացը միշտ չէ, որ ճիշտ և ամբողջական է ներկայացվել և արդյունքում պետական ձևավորման մասին սխալ կարծիք է առաջացել»,- ասաց Պետրոս Հովհաննիսյանը:

Անցկացնելով զուգահեռներ առաջին և երրորդ հանրապետությունների ստեղծման գործընթացների միջև` վերջինս շեշտեց, որ չպետք է ուրանալ երկրորդ հանրապետությունը, որի շնորհիվ այսօր ունենք երրորդ հանրապետությունը: Պրոֆեսորի խոսքով պետք է հավուր պատշաճի գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց վրա վերցրին Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը:

Մհեր Հովհաննիսյանն էլ նշեց, որ պետք է գիտակցել, թե ինչի կարող է հանգեցնել անմիաբանությունը, նա ընդգծեց, որ առաջին դասը հենց սա պետք է լինի:

                        Բալասանյան Մերի