Վաղը Ստամբուլում կդրվի Բոսֆորի նեղույցի վրայով անցնող արդեն երրորդ կամրջի հիմքը: Կամրջի շինարարությունը իրականացվում է «Kuzey Marmara» ավտոճանապարհային նախագծի շրջանակներում: Շինարարական աշխատանքների մի մասը կատարելու են կորեական բանվորական խմբերը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ նոր կամուրջը, որն ունենալու է 320 մ բարձրություն և 60 մ լայնություն, կտրուկ տարբերվելու է Բոսֆորի վրայով անցնող մյուս երկուսից և դառնալու է աշխարհում խոշորագույններից մեկը:
Կամրջի հիմքը դնելու օրը պատահական չէ ընտրված: 560 տարի առաջ՝ 1453 թվականի մայիսի 29-ին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ անվանափոխելով այն Ստամբուլ: Սպասվում է, որ վաղվա արարողությանը կմասնակցեն նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը:
