Հանրային խորհրդի պատվիրակության այցը Իրկուտսկ. ի՞նչն էր գլխավոր նպատակը

HKHՄայիսի 20-22-ը Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում մասնակցել է “Տնտեսական և սոցիալական խորհուրդների և քաղաքացիական հասարակության այլ կառույցների դերը ասիական ինտեգրման գործընթացում” համաժողովին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ալժիրի, Չինաստանի, Լաոսի և Ուկրաինայի պատվիրակությունները:

Հայկական պատվիրակության կազմում են եղել Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը,  Վազգեն Սաֆարյանը և Կորյուն Առաքելյանը:

Նշենք, որ Հայաստանը 2010-ից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր:

Ամեն երկու տարին մեկ ընտրվում է ասոցիացիայի նախագահող երկիր: Ընտրությունը կատարվում է ոչ թե անդամ երկրների, այլ մայրցամաքների քվեարկության արդյունքներով: Երկու տարի առաջ ընտրության իրավունքը տրվել է աֆրիկյան երկրներին, որոնք որպես նախագահող երկիր ընտրել են Ալժիրը: Այս անգամ սեպտեմբեր ամսին Ալժիրում կանցկացվի հերթական ընտրությունը, որին կմասնակցեն միայն ասիական երկրները, այդ թվում` Հայաստանը:

Այս համաժողովում մի շարք  հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև նախագահող երկրի ընտրության հարցը:

Մեզ հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ նախագահող երկրի հիմնական հավակնորդներն են եղել Ռուսաստանն ու Հարավային Կորեան: Մասնակիցներն ընդհանուր հայտարարի են եկել Ռուսաստանի թեկնածությունն առաջարկելու հարցի շուրջ:

Վազգեն Մանուկյանը կարևորեց Ռուսաստանի կողմից կառույցի նախագահության ստանձնումը` ելնելով Հայաստանի շահերից: ՙՄենք ի սկզբանե կողմ էինք Ռուսաստանին ոչ միայն այն պատճառով, որ նա մեր ռազմավարական գործընկերն է, այլև այլ պատճառներով,- ասում է Վազգեն Մանուկյանը:- Նախ, պետք էր այնպիսի երկիր, որը լիներ Ասիան ու Եվրոպան միավորող, պետք է ունենար նոր մտածողություն, ինչը Ռուսաստանի դեպքում ավելի ակնհայտ է, քան կառույցին անդամակցող ասիական մյուս երկրների: Բացի այդ, կառույցի նախագահությունը պահանջում է նաև տնտեսական մեծ ներդրումներ կառույցը զարգացնելու նպատակով, ինչը, մեր կարծիքով, Ռուսաստանն ավելի պատրաստակամ է իրականացնել, քան Հարավային Կորեան՚:

Քննարկվող մյուս հարցերը վերաբերել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին և ասիական երկրների տնտեսական ինտեգրմանը:

Այցի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակության անդամները հանդիպել են նաև Իրկուտսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Իրկուտսկում մոտ 15 000 հայ է ապրում:

Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքը հայկական դասագրքերով ապահովելու հարցի վերաբերյալ:

Իրկուտսկի հայ գործարարների հետ հանդիպմանը կոչ է արվել ներդրումներ կատարել Հայաստանում: Քննարկման ժամանակ պարզվել է, որ հայ գործարարները խուսափում են ներդրումներ կատարելուց` ելնելով Հայաստանում բազմաթիվ արհեստական խոչընդոտների մասին խոսակցություններից: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի կողմից պարտավորվել է, որ եթե ներդրումներ կատարելու ժամանակ նմանատիպ խնդիրներ ի հայտ գան, ապա Հանրային խորհուրդը դրանք ՀՀ նախագահին ու վարչապետին ներկայացնելու և հարթելու պատասխանատվություն կստանձնի:

 

Tags: