Արվեստի դարբնոց Գյումրին մեկ տարի անց կունենա իր տեսակի մեջ յուրահատուկ արվեստի նոր դպրոց: Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի, բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանի մասնակցությամբ, մեծ հանդիսավորությամբ կատարվեց դպրոցի հիմնարկեքի արարողությունը: Շինարարությունը նախատեսած է ավարտել 2014թ. վերջին: Արվեստի դպրոցն ունենալու է եռահարկ գեղեցիկ շենք, արվեստի բոլոր ճյուղերի համար հատուկ դասարաններ, դահլիճներ մեծերի և փոքրերի համար, առանձին բալետի դահլիճ: Դպրոցը նախատեսված է շուրջ 300 սաների համար:
“Ամեն բարեգործություն չէ, որ բարեգործություն է: Ես սա համարում եմ իսկական բարեգործություն և դոկտոր Օյունջյանին` իսկական բարեգործ: Թմբկահարելով չէ, այլ կոնկրետ գործով: Շնորհակալ ենք այս գեղեցիկ կրթօջախի նախաձեռնության համար”, – իր խոսքում նշեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ինքը` բարերար Օյունջյանը, շատ հուզված էր և դժվարացավ խոսել, իսկ ահա քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Այսօր շատ մեծ նախաձեռնություն եք իրականացնում, որը կարևոր նշանակություն ունի գյումրեցիների համար: Դուք իսկապես մեծ մարդ եք”:
Արվեստի դպրոցը կրելու է բարերար Հովհաննես Օյունջյանի քրոջ` Վարդուհու անունը: Սրանով նյույոքաբնակ հայ բժիշկն իր երախտիքն է հայտնում մահացած քրոջը. նրանց ընտանիքն ապրել է Թուրքիայում` Չենգիլար գյուղում, որտեղ 1920թ. ծնվել է բարերար Օյունջյանը: Երբ գյուղը ենթարկվել է թուրքերի հրին ու սրին` ընտանիքի անդամները փախել են, տանը մոռանալով բարուրի մեջ պառկած նորածին Հովհաննեսին: Սակայն, ճանապարհի կեսից ավագ քույրը` Վարդուհին, կարողանում է թուրք հրոսակների աչքից աննկատ վերադառնալ տուն և իր հետ վերցնել եղբորը:
Բժիշկ Օյունջյանն ունենալով դժվարություններով ու խոչընդոտներով լի կյանք, կարողացել է մեծ վաստակի տեր դառնալ: 1954 թվականից բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում, ինչպես ինքն է ասում` այնտեղ բժշկին թագավորի չափ տեղ են տալիս: Ու, երբ իմանում է 1988թ. երկրաշարժի մասին, որոշում է անպայման օգտակար լինել հայրենիքին: Մի օր էլ հեռուստատեսությամբ տեսնելով Գյումրիի թիվ 21 դպրոցի ավերակները` որոշում է վերակառուցել այն:
Վերականգնումից հետո դպրոցը կրեց բարերարի ծնողների` Եղիսաբեթ և Արմենակ Օյունջյանների անունը: Այսօր դպրոցն ունի ավելի քան 400 աշակերտ, դպրոցին կից գործում է նաև նախակրթարան, որն ունի շուրջ 90 սան:
Այսօր արդեն նույն դպրոցի բակում կառուցվում է մեկ այլ հաստատություն, որն աշակերտներին առավել մոտեցնելու է մշակույթին ու արվեստին: “Վարդուհի արվեստի դպրոցում” թիվ 21 դպրոց-վարժարանի աշակերտների համար ուսումն անվճար է լինելու, իսկ մյուսների համար` վճարովի:
93-ամյա բարերար Հովհաննես Օյունջյանն ամեն տարի, երբեմն` տարին մի քանի անգամ, այլցելում է Գյումրի` իր “հարազատ երեխաներին” տեսնելու:
