Մայիսի 31-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) կքննարկի օրենսդրական փոփոխությունները, որոնցով երկրի նախկին նախագահի և նրա կնոջ համար նախատեսվում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝դիվանագիտական հատուկ կարգավիճակ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախկին նախագահի և նրա կնոջ դեմ իրենց համար նախատեսված թոշակների կամ սոցիալական աջակցության հարցով քաղաքացիական հայց չի կարող ներակայցվել: Այսինքն՝ դատավորները չեն կարող նրանց դեմ հայց ընդունել պարտքային որևէ պարտավորությունների հարցով կամ վնասի փոխհատուցման պահանջով՝ ի հաշիվ իրենց հատկացված թոշակների կամ սոցիալական աջակցության:
Օրենսդրության վերջին փոփոխության համաձայն՝ Ադրբեջանի նախկին նախագահը ստանում է գործող նախագահի աշխատավարձի կեսը`7500 մանաթ թոշակ:
Բացի այդ նախատեսվում է նախկին նախագահին և նրա կնոջը ցմահ դիվանագիտական անձնագիր տրամադրել, ինչի արդյունքում նրանք դիվանագիտական հատուկ կարգավիճակ են ձեռք բերելու:
