«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները առաջարկում են հասարակական լսումներն անցկացնել կառավարության նիստերի դահլիճում

gaz-shmol1Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմակերպած քննարկումը տապալվեց, քանի որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջում էին հասարակական լայն շրջանակների համար համապատասխան պայմաններ ստեղծել նորմալ հանրային լսումներ անցկացնելու համար: Ստացվեց այնպես, որ քաղաքացիների մի մասին թույլ տվեցին մասնակցել քննարկմանը, իսկ բազմաթիվ շահագրգիռ քաղաքացիների չթողեցին ներս մտնել, քանի որ Հանձնաժողովը լսումների համար նորմալ պայմաններ չէր ապահովել: Բացի այդ դահլիճը պատրաստ չէր որևէ  քննարկման` թե չափերով, թե տեխնիկական հնարավորություններով: Չկար բարձախոս և դրա բացակայության պատճառով հարցերը գոռալով էին տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանը, ով մասնավորապես նշեց. «Հանձնաժողովը կոչվում է հանրային ծառայությունները կարգավորող, բայց հանրության հետ աշխատելու  ձև չգիտի:  Հանձնաժողովի գործառույթը մարդկանց հետ աշխատելն է, նրանց լսելը, բայց երեկ պարզ դարձավ, որ այդ այնտեղ որևէ մեկը չի ուզում լսել հանրությանը, այսինքն` կատարում է քաղաքական պատվեր»:
«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները հայտնեցին նաև, որ այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին են հանձնելու դիմում` առաջարկելով, որ գազի թանկացման վերաբերյալ հասարակական քննարկում անցկացնելու համար տրամադրվի  կառավարության նիստերի դահլիճը:  Բացի այդ, նախատեսում են դիմել ՀՀ նախագահին, որպեսզի քննարկման դրվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա գործունեությունը:

 

Tags: