Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովը ազատ է արձակվել:
Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր մայիսի 29-ի կեսօրին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`իրավապահները սրճարանում ոլորել էին նրա ձեռքերը, նստեցրել ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է “Contact.az” կայքը, 3.5 ժամ անց Համիդովին բաց են թողել: “Ինձ բռնի ուժով նստեցրին ավտոմեքնենան, նույնիսկ ատրճանակ էին պահել վրաս, հետո կապկպեցին աչքերս և տարան անհայտ ուղղությամբ: Երբ աչքերս բացեցին, մենք արդեն ոստիկանական բաժանմունքում էինք”,-պատմել է Համիդովը:
Բաժանմունքում նրան հարցաքննել են Նովհանըում մայիսի 28-ի ելույթի մասին և զգուշացրել, որ այլևս նման հայտարարություններով հանդես չգա: Ի պատասխան`Համիդովը ասել, որ էլ ավելի կոշտ ելույթներով է հանդես գալու: Այնուհետև ոստիկանները կրկին կապկպել են իր աչքերը, ապա իջցրել նրան այնտեղ, որտեղ ձերբակալել էին:
Հիշեցնենք, որ Համիդովը մայիսի 28-ին`Ադրբեջանում նշվող Հանրապետության օրը, Նովհանը բնակավայրում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ քննադատել է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը`անվանելով այն “անբարոյական”: Նա նաև ընդդիմությանը կոչ է արել արմատական քայլեր ձեռնարկել, քանի որ “ադրբեջանական ներկայիս վարչակարգի խաղաղ փոփոխությունը անհնար է”:
Tags: ադրբեջան
