Ջրակուտակման «դրական կողմերը»` ըստ «Երևան ջուր» ընկերության ներկայացուցչի

Karapet-Ohanyan-Yerevan-Jur«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գտավ գարնանային հորդառատ անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակման «դրական կողմերը»:

«Ինչու՞ չենք տեսնում, որ տարիներ առաջ մայթային տարածքներն ու փողոցները անբարեկարգ էին, և հորդառատ անձրևները ներծծվում էին հողի մեջ կամ անցնում շենքերի գրուտային շերտերի տակ: Այն, որ քաղաքի կենտրոնում եղան նման ջրակուտակումներ, խոսում է այն մասին, որ փողոցները դարձել են ավելի բարեկարգ, և հին ջրահեռացման համակարգը չի կարողանում հեռացնել այնքան ջուր, որքան կուտակվում է սալիկապատ փողոցներում», – ասաց Կարապետ Օհանյանը և դրական կողմերը առանձնացնելուց հետո չկարողացավ չհամաձայնել լրագրողների հետ, որ անկախ ամեն ինչից, ջրահեռացման համակարգում խնդիրներ կան:

«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ առաջիկա 1 ամսում կկազմվի ռազմավարական ծրագիր 25-30 փողոցների համար: «Մոտ 30 փողոցներից գուցե ոչ բոլորում հիմա խնդիր կա, բայց տարիներ հետո ջրակուտակման խնդիր կարող է լինել դրանցից յուրաքանչյուրում, ուստի ավելի լավ է նախորոք զբաղվել դրանցով», -  ասաց Կարապետ Օհանյանը և խոստացավ լրագրողներին, որ քաղաքապետարանն ու «Երևան ջուր»-ը կանեն ամեն ինչ հետագայում նման վիճակներից խուսափելու համար:

 

Tags: