ԵՊՀ-ի դիմորդների թիվը կրճատվել է, բնագիտական մասնագիտություններով էլ դիմորդներ գրեթե չկան

ԵՊՀԴիմորդները մինչև հունիսի 1-ի երեկոյան 18-ը դեռ կարող են դիմել իրենց նախընտրած բուհը` համապատասխան հայտը լրացնելով:

Այս տարի մայր բուհի դիմորդների թիվը այսօրվա` մայիսի 31-ի դրությամբ 3882 է. ԵՊՀ-ն այս տարի ունի 2870 վճարովի և 338 անվճար ուսանողական տեղ: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Էմին Սանթրոսյանն ասում է, որ նախորդ տարվա համեմատությամբ դիմորդների թիվը կրճատվել է շուրջ 1400-ով:

Սանթրոսյանի կարծիքով`  դիմորդների պակասի պատճառը ընդհանուր դիմորդների թվի կրճատումն է:

Այս տարի 2012-ի համեմատությամբ դիմորդների իթվը կրճատվել է 3 հազարով (այս տարի 15 հազար դիմորդ կա նախորդ տարվա 18107-ի փոխարեն):

Սանթրոսյանն ասում է, որ դիմորդներ հատկապես քիչ կան բնագիտական ուղղության ֆակուլտետներում, օրինակ` Քիմիայի ֆակուլտետում 8 անվճար տեղի համար դիմել է 10 դիմորդ, էկոլոգիական քիմիա մասնագիտությամբ 4 անվճար տեղի համար 2 դիմորդ կա, կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտությամբ 7 անվճար տեղի համար 9 դիմորդ կա, ջրօթերևութաբանություն մասնագիտությամբ 2 անվճար տեղի համար` 4 դիմորդ:

Այս տարի համեմատաբար մեծ է մրցակցությունը Սերվիս ֆակուլտետում` 52 տեղի համար 155 դիմորդ, Հանրային կառավարման ֆակուլտետում` 68 տեղի համար 215 դիմորդ, Լրագրության ֆակուլտետում`65 տեղի համար` 131 դիմորդ, սոցիալական աշխատանք մասնագիտությամբ  43 տեղի համար` 131 դիմորդ: