Հոգեբուժարան տեղափոխված Կոմիտասի պողոտայի բնակիչը պայքարելու է իր խախտված իրավունքների համար

հոգեբուժարանԵրեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կրկին այցելեցին Ավանի հոգեբուժարանում գտնվող Կոմիտասի 56 շենքի 115 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին. այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Առաջին այցելության ժամանակ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հնարավորություն չէին ունեցել զրուցելու տիկին Ամալյայի հետ, քանի որ նա եղել է քնաբեր դեղերի ազդցության տակ: Միայն ծանոթացել են փաստաթղթերին, գրանցումներին, մասնավորապես, թե որքանով են դրանք համապատասխանում օրենքին: Գրանցամատյանը ցույց տալիս հոգեբուժարանի հերթապահ բժիշկ Գագիկ Թադևոսյանը հայտնել է, որ Ամալյա Նազարեթյանը երկրորդ անգամ է հաշվառված իրենց մոտ:

Երկրորդ այցելության ժամանակ արդեն, հոգեբուժարանի համապատասխան բաժանմունքի վարիչը հայտնել է, որ Գ. Թադևոսյանի կողմից հայտնած տեղեկությունը սխալմունք է եղել և Ամալյա Նազարեթյանը նախկինում երբևէ հաշվառված չի եղել հոգեբուժարանում, ավելին, որևէ առնչություն չի ունեցել այդ հաստատության հետ:

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրավասու չէ հաստատել կամ ժխտել տիկնոջ հոգեկան վիճակի մասին տեղեկությունները կամ որևէ ախտորոշում տալ դրանց, պարզապես փոխանցել ենք հոգեբուժարանի բժշկի տրամադրած ոչ ճիշտ տվյալները, որի համար ներողություն ենք խնդրում տիկին Ամալյայից:

Երեկ, այցելության ժամանակ Ա. Նազարեթյանը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում է փոխանցել, որի մեջ նշել է, որ իրեն խաբեությամբ են տարել հոգեբուժարան: Նա նշել է նաև, որ առաջին մի քանի օրը նրան շատ վատ են վերաբերվել, սակայն իր անձի շուրջ բարձրացված աղմուկից հետո կտրուկ փոխել են իրենց վերաբերմունքը իր հանդեպ:

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում կինը ցուցաբերել է նորմալ, համարժեք պահվածք, նրա կողմից որևէ ագրեսիվ վարքագիծ կամ տարօրինակություններ չեն նկտավել, ավելին, բոլոր հարցերին արձագանքել է և լիարժեք պատասխաններ տվել: Նրա բուժող բժիշկը կնոջ նման վիճակը վերագրել է այս օրերին ստացած ստացիոնար բուժմանը:

Ամալյա Նազարեթյանը հայտնել է, որ հոգեբուժարանից դուրս գալուն պես պատրաստվում է վերականգնել իր խախտված իրավունքները և դրա համար դիմել բոլոր պատասխանատու մարմիններն:

Միաժամանակ, Ա. Նազարեթյանի հոգեբուժարան տեղափոխելու պատճառները պարզելու համար Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները այցելել են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:

Տեղեկացնենք, որ քանի որ Ավանի հոգեբուժարանի բժիշկների տրամադրած տվյալներում եղել են ոչ ստույգ տվյալներ և հնարավոր է լինեն այլ անճշտություններ ևս, Պաշտպանի աշխատակազմը հետևողական է լինելու և մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու այս հարցը: Անհրաժեշտության դեպքում համապատասխան հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հնրավոր է ստեղծվի հատուկ մասնագետներից բաղկացած հանձնաժողով , որը ևս մեկ անգամ քննության կառնի Ամալյա Նազարեթյանի հոգեկան առողջության վիճակը: