Այս օրերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեովի հրավերով երկու նախագահները այցելել են Պետական ձիարշավարանային համալիր, որտեղ հետևել են ձիավազքին: Այնուհետև Թուրքմենստանի նախագահը իր պաշտոնակցին է նվիրել նշանավոր ցեղական ահալթեքինյան ձի՝ «Arkadaş» (ընկեր) մականունով: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Գյուլը իր շնորհակալությունն է հայտնել նման թանկագին նվերի համար:
Ահալթեքինյան ցեղատեսակի ձիերը հիշատակվում են թյուրքական այնպիսի էպոսներում, ինչպիսիք են «Մանաս»-ը և «Դեդե Քորքուդ»-ը: Համարում են, որ վայրի ցեղաստեսակի այս ձիերը մարդու կողմից ընտելացվել են ավելի քան 3 հազար տարի առաջ: Ներկայիս անվանումը նրանք ստացել են Ահալ օազիսի անունից, որտեղ և սկսել են նրանց բուծել:
