Հայ մասնագետին վստահում են

Արսեն caiy1d0eՀունիսի 11-ին Արսեն Մխիթարյանը կուղևորվի Բելառուսի  մայրաքաղաք Մինսկ, որպեսզի որպես տեսուչ ներկա գտնվի հանդբոլի Եվրոպայի առաջնության 6-րդ խմբի ընտրական մրցաշարի շրջանակում հունիսի 12-ին կայանալիք Բելառուս – Իսլանդիա հանդիպմանը: Խաղը վճռորոշ կարող է լինել տանտերերի համար: Փաստորեն, 5-րդ տուրի այդ հանդիպումում կպարզվի Բելառուսի հավաքականը կարո՞ղ է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, թե՞ ոչ: Վերջին խաղը բելառուս հանդբոլիստներն անցկացնելու են մրցակցի հարկի տակ` Սլովենիայի թիմի հետ: Իսլանդիայի հավաքականը վաստակել է 8, Բելառուսի հավաքականը` 5, Սլովենիայի հավաքականը` 3 միավոր: Ռումինիայի ընտրանին ոչ մի միավոր չունի:

Իսկ ահա, Օգոստոսի 10-17-ը Լեհաստանի Գդանսկ և Գդինյա քաղաքները հյուրընկալելու են մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության եզրափակչի մասնակիցներին: 16 թիմ է խաղալու վճռական փուլում: Հայաստանի ներկայացուցիչը հրավիրվել է  որպես տեսուչ ներկա գտնվելու նաև այդ ստուգատեսում:

Մխիթարյանը ծնվել է 1961-ին Երևանում, 1982-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Նա խաղացել է Հայաստանի  հավաքականի կազմում, հետագայում աշխատել է մեր երկրի հավաքականի մարզիչ, նաև նախկինում զբաղեցրել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մխիթարյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, ներկայումս Երևանի Աջափնյակ համայնքի համալիր մարզադպրոցի տնօրենն է:

Tags: