Ստամբուլում շարունակվում է լարված պայքարը «Gezi» այգու պահպանման համար (տեսանյութ)

gezi parkԱրդեն երկրորդ օրն է, ինչ Ստամբուլի քաղաքացիները հերթապահում են Թաքսիմում գտնվող «Gezi» այգում՝ բողոքելով կառավարության որոշման դեմ, ըստ որի այգու մի մասը ծառահատվելու և քանդվելու է, որպեսզի այստեղ ճանապարհ կառուցվի, իսկ որոշ տվյալներով առևտրի կենտրոն: Ինչպես Թուրքիայում բողոքի գրեթե բոլոր ցույցերը, այնպես և այգու պահպանման համար իրականացվող հավաքը դաժանորեն ճնշվել է թուրքական ոստիկանության կողմից՝ ավանդական դարձած արցունքաբեր գազի կիրառմամբ: Ցուցարարներին աջակցում են բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ, ճանաչված դեմքեր, ֆուտբոլային թիմերի ֆան-ակումբներ: «Թաքսիմը մերն է, Ստամբուլը մերն է», «Ուս ուսի՝ընդդեմ ֆաշիզմի» ահա այս օրերին Ստամբուլում հնչող արտահայտությունները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»՝ այս պահին ոստիկանությունը շարունակում է արցունքաբեր գազ կիրառել Թաքսիմի հրապարակում և դրա շրջակայքում հավաքվել փորձող ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանության գործողությունների հետևանքով ուղիղ հեռարձակում իրականացնող որոշ լրատվամիջոցների ավտոմեքենաներ են վնասվել: Մինչ այս պահը «Gezi» այգու պահպանման համար պայքարող 64 ցուցարար է ձերբակալվել, որոնցից 8-ը՝ կին:
Այգու համար ցույցի դուրս եկած քաղաքացիներին այսօր առաջկցելու էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Գյուրսել Թեքինը և մի շարք կուսակցականներ: Ոստիկանությունը նրանց վրա ևս արցունքաբեր գազ և ճնշիչ ջուր է բացել, սակայն Թեքինը չի հեռացել իր կանգնած տեղից: Ավելի ուշ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Գյուրսել Թեքինը նրանից օգնություն է խնդրել՝ նշելով, որ ոստիկանները իրենց թշնամու զինվորների պես են պահում՝ անասելի ճնշումների ենթարկելով հավաքվածներին:
Սպասվում է, որ ցուցարարների ու թուրքական ոստիկանության միջև պայքարը կշարունակվի նաև երեկոյան ժամերին:

 

Tags: