ՄԻՊ պաշտպանը կհամագործակցի «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի երիտասարդների հետ

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում հանդիպեց նաև «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի երիտասարդների հետ, ովքեր իրենց մանկությունն են անցկացրել հիմնադրամի տարբեր մարզերի գյուղերում, իսկ այժմ միավորվել են` նպաստելու այլ` հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների ապրելակերպի լավացմանը:
Կարեն Անդրեասյանը երիտասարդների հետ նստեց կլոր սեղանի շուրջ, ասելով, որ ցանկացած հասարակական կազմակերպությունից առավել հենց նրանք կկարողանան իրեն օգնել` հասկանալու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների վիճակը:
ՄԻ պաշտպանը պայմանավորվեց երիտասարդների հետ, որ այս տարվա սեպտեմբերից նոյեմբեր նրանք կարող են համագործակցել ՄԻՊ գրասենյակի հետ: «Դուք իմ մեքենաներով ու ռեսուրսներով կարող եք այցելել տարբեր կազմակերպությունների հոգածության տակ գտնվող երեխաներին հանրապետության տարբեր կետերում: Դա շատ ավելի օգտակար կլինի, քան այն, երբ ես նման մոնիթորինգի եմ գնում ինքս, քանի որ ինձ ժպտում են, ցույց տալի կառույցի ամենագեղեցիկ հատվածները, և ես մի քանի րոպեում չեմ կարողանում հասկանալ իրական վիճակը, իսկ դուք, որ անցել եք այդ երեխաների ուղին, ավելի լավ կհասկանաք նրանց` նայելով նրանց աչքերին: Ջեզնից լավ ոչ ոք չի հասկանա երեխաների վիճակը: Մոնիթորինգից հետո զեկույց կներկայացնեք ինձ, և մենք միասին կորոշենք, թե ինչպես լուծենք եղած խնդիրները», – ասաց ՄԻ պաշտպանը:

Tags: