Այն, որ «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գյուղերում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ ապրելու, կրթվելու և կայանալու համար ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր համոզվեց ինքն` այցելելով Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղ: Սակայն օմբուսմենը ցավով նկատեց, որ նմանատիպ կենտրոնի ջանքերը բավական չեն, քանի որ հասարակական կազմակերպությունները դրսի ներդրումների հաշվին են անում այդ գործը, մինչդեռ պետական համապատասխան կառույցները, որ պետք է զբաղվեն դրանով, կարծես թե, այնքան էլ լավ չեն աշխատում: « Խնամակալության և հոգեբարձության մարմինների վատ աշխատանքն է այսօր հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար առաջնային պրոբլեմը: Այնպիսի պայմաններ, ինչպիսին տեսնում ենք ՍՕՍ Մանկական գյուղերում, չեն ստեղծվում հազարավոր երեխաների համար, և «ամենամեղավորը» խնամակալության ու հոգեբարձության մարմիններն են», – ասաց Կարեն Անդրեասյանը:
