Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Ընտրողների թվի վերաբերյալ ԿԸՀ-ի կեղմից ներկայացված տվյալները չեն համապատասծանել Վիճակագրության պետական հանձնաժողովի (ՎՊՀ) տվյալներին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագգին.ազ” կայքը, ԿԸՀ-ի անդամ Ակիֆ Գուրբանովը դատապարտել է ԿԸՀ-ին անպատասխանատու վերաբերմունքի համար:
“Վիճակագրության պետական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի բնակչության թիվը 9 մլն 356 հազար է, ընդ որում՝ 20 տարեկանից բարձր տարիքային խմբում 6 մլն 467 հազար մարդ կա: Մինչդեռ ԿԸՀ-ի հաշվետվությունում նշված է, որ ընտրողների թիվը 4 մլն 986 հազար է: Թվերում տարբերությունը մոտ մեկուկես միլիոն է: Որտե՞ղ են այդ ընտրողները”,-հարցրել է Գուրբանովը:
Վերջինս միաժամանակ հայտարարել է` եթե ԿՀԸ-ի տվյալները ճիշտ են, ապա անհասկանալի է, թե ինչու է Վիճակագրության պետական հանձնաժողովը մեծացնում երկրի բնակչության թիվը:
Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:
Tags: ադրբեջան
